Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր պաշտոնապես հաստատեց օրեր շարունակ մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ հրաժարական է ներկայացնելու: Մարգարյանը հայտարարություն էր տարածել, դիմելով երեւանցիներին: Ուշագրավ է, որ Մարգարյանի հրաժարականի խոսքում, չկա որեւէ հիշատակում ՀՀԿ-ի մասին: Ի վերջո Տարոն Մարգարյանը այդ կուսակցության կարկառուն դեմքերից է, եւ ՀՀԿ-ի անմիջական օգնությամբ է ընտրվել քաղաքապետ: Փոխարենը իր հրաժարականի տեքստում Մարգարյանը ներողամտություն է հայտնում բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ իր համատեղ ճանապարհն ընդհատվում է։ Միաժամանակ Տարոն Մարգարյանը չի մեկնաբանում, թե ինչն էր ճանապարհի ընդհատման պատճառը: Արդյո՞ք երկրում իրավիճակի փոփոխությունն էր ստիպել Մարգարյանին գրել հրաժարականի դիմումը: Այս տեսակետը կարող է որպես իրականություն գոյություն ունենալ, չնայած այն հանգամանքին, որ իշխանափոխությունից հետո Տարոն Մարգարյանը պարբերաբար պնդում էր, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա:
Տարոն Մարգարյանը իր դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին պատասխանեց հակաակցիա իրականացնելով:
Տեսակետներն այն մասին, որ Մարգարյանի հրաժարականը պայմանավորված է օրեր առաջ համացանցում տարածված տեսանյութով, որին հաջորդեցին նաեւ տեղեկություններն այն մասին, որ ԱԱԾ-ն մուտք է գործել Մարգարյանի առանձնատուն, ինչն իհարկե հերքվեց ԱԱԾ տնօրենի կողմից, եւս իրատեսական չէ:
Թե ինչու Մարգարյանը ընդհատեց երեւանցիների հետ իր համատեղ ճանապարհը, պետք է փնտրել նրա հրաժարականի տեքստում: Մարգարյանը իրականում հեռանում է ոչ թե երեւանցիներից, այլ ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից:
Irakanum.am