Մոնրեալի Հայ ավետարանական եկեղեցում հուլիսի հինգին դասական երաժշտության համերգ է տեղի ունեցել, որը կազմակերպել է Հայ որբերի օգնության միությունը՝ հայրենիքում ապրող որբերին օգնելու համար:
Ինչպես հաղորդում է Horizon weekly-ն, համերգի բացման ելույթում միության Մոնրեալի մասնաճյուղի նախագահ Սարգիս Երեցյանն ընդգծել է, որ իրենց կազմակերպած հանգանակությունն ուղղվելու է նաև Ջավախքում, Լիբանանում և Սիրիայում բնակվող հայ որբերին: Նրա խոսքով՝ միության գլխավոր նպատակը երեխաների ֆիզիկական, էմոցիոնալ և մտավոր զարգացմանը նպաստելն է:
Ինչպես նշվում է, միությունը նորարար սարքեր է տրամադրել Գյումրիում գտնվող ատամնաբուժական կենտրոնին, որից կարող են օգտվել ոչ միայն որբերը, այլև քաղաքի բոլոր բնակիչները:
Համերգին ելույթ են ունեցել Մարինե Գրիգորյանը (սոպրանո), Էլի Բերբերյանը (տենոր), որոնք հատվածներ են ներկայացրել Պուչինիի, Վերդիի, Կոմիտասի և այլ դասական կոմպոզիտորների գործերից:
Նրանց նվագակցել է դաշնակահար Գրիգորի Շահվերդյանը:
Միջոցառման ժամանակ ավելի քան 30 000 դոլար է հանգանակվել: