00:00:00

25-ամյա երիտասարդը գումարներ է շորթել ընկերոջից՝ սպառնալով հրապարակել վերջինիս բնական կարիքները հոգալու տեսանյութը

02:54, 09 հուլիս 2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվեց Արմեն Կ.-ի գործի դատական քննությունը: Մի ընկերությունում որպես ադմինիստրատոր աշխատող 25-ամյա Արմենին մեղադրանք էր առաջադրվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի182 հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա  տուժող Ալեքսանդր Մ.-ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով  շորթմամբ պահանջել է զգալի չափերի՝ 237 հազար  859 դրամ գումար: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի 18-ին «Ինստագրամում» Արմեն Կ.-ն տեսել է, որ իր ծանոթ Ալեքսանդրը կայքէջում տեղադրել է իր կողմից բնական կարիքները հոգալու ընթացքում արված տեսագրություն: Արմեն Կ.-ն այդ տեսանյութը այն ներբեռնել է իր հեռախոսի մեջ ու «նպատակադրվել է հիշյալ տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով Ալեքսանդրից գումարներ շորթել»: Ըստ մեղադրանքի՝ այդ մտադրությունն իրագործելու նպատակով Արմեն Կ.-ն «Ֆեյսբուքում» և «Վկոնտակտե» սոցիալական կայքերում բացել է Ալեքսանդրի անունով էջեր, ապա 2017 թվականի օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 11-ը Ալեքսանդրին արատավորող տեսագրությունը հրապարակելու սպառնալիքներով Ալեքսանդրից մաս-մաս պահանջել է ընդհանուրը՝  237 հազար 857 դրամ գումար: Ալեքսանդրը մասնակի կատարել է Արմեն Կ.-ի պահանջը՝ մաս-մաս նրան է փոխանցել ընդհանուրը՝ 205 հազար դրամ գումար: Ըստ մեղադրանքի՝ «Իզի փեյ» դրամական փոխանցման համակարգի միջոցով Ալեքսանդրը Արմեն Կ.-ի ծանոթ՝ ոմն Մարատին պատկանող, ինչպես նաև Արմեն Կ.-ին պատկանող «ՔիՎի» էլեկտրոնային դրամապանակի հաշվեհամարներին է ուղարկել շորթվող գումարները: Մասնավորապես՝ 2017 թվականի օգոստոսի 19-ին «Ֆեյսբուք» և «Վկոնտակտե» կայքերում առկա՝ Ալեքսանդրի էջին Արմեն Կ.-ն իր կողմից բացված էջից էլեկտրոնային նամակի տեսքով ուղարկել է Ալեքսանդրին արատավորող տեսագրությունները, ապա դրանք չհրապարակելու, Ալեքսանդրին չանվանարկելու դիմաց պահանջել է նույն օրը ժամը 21-ի սահմաններում  100 դոլար գումար թողնել Երևանի Փարպեցու փողոցի շենքերից մեկի մուտքին կից փոստարկղի մեջ: Ալեքսանդրը կատարել է Արմեն Կ.-ի պահանջը՝ հիշյալ փոստարկղի մեջ թողնելով 50 հազար դրամ, որը Արմեն Կ.-ի հրահանգով  ընկերը հանել ու փոխանցել է նրան: Այնուհետև, ըստ մեղադրանքի, Արմեն Կ.-ն Ալեքսանդրից ցանկանալով գաղտնի պահել իր անձը, իր ծանոթ՝ ՌԴ Կազան քաղաքի բնակիչ ոմն Մարատին հայտնել է իր կողմից Ալեքսանդրից շորթում կատարելու մտադրության մասին ու խնդրել է այդ նպատակով իրեն տրամադրել «ՔիՎի» էլեկտրոնային դրամապանակի հաշվեհամար, ինչը կատարելով և Արմեն Կ.-ին օժանդակելով՝ Մարատը տրամադրել է հանցագործության միջոց հանդիսացող հաշվեհամարը: Դրանից հետո՝ 2017 թվականի օգոստոսի  22-ին,  Արմեն Կ.-ն  «Ֆեյսբուքով» Ալեքսանդրից պահանջել է, որ նա «Իզի փեյ» դրամական փոխանցման համակարգով 30 հազար դրամ փոխանցի հիշյալ Մարատին պատկանող «ՔիՎԻ» էլեկտրոնային դրամապանակի հաշվեհամարին, ինչը Ալեքսանդրը նույն օրը կատարել է՝ ժամը 15-ն անց 55-ին հիշյալ հաշվեհամարին է փոխանցել  30  հազար դրամ: Հաջորդ օրը՝ օգոստոսի 23-ին, Արմեն Կ.-ն «Ֆեյսբուքով» Ալեքսանդրից պահանջել է, որ հաջորդ օրը՝ օգոստոսի 24-ին, մինչև ժամը 13-ը «Իզի փեյ» դրամական փոխանցման համակարգի միջոցով  50 հազար դրամ փոխանցի Մարատի տրամադրած հաշվեհամարին: Ալեքսանդրը մասնակի և մեկ օր ուշացումով է կատարել այս պահանջը՝ նա 2017 թվականի օգոստոսի 25-ին, ժամը  14-ն անց 31-ին հիշյալ հաշվեհամարին է փոխանցել  30 հազար դրամ: Այնուհետև, ըստ մեղադրանքի, Արմեն Կ.-ն 2017 թվականի օգոստոսի 25-ին նույն պատրվակով ու սպառնալիքներով «Ֆեյսբուքով» պահանջել է, որ Ալեքսանդրը օգոստոսի 29-ին ևս  50 հազար դրամ փոխանցի Մարատի հաշվեհամարին: Այս պահանջը Ալեքսանդրը մասնակիորեն կատարել է օգոստոսի 30-ին՝ ժամը  13-ն անց  15-ին հիշյալ հաշվեհամարին  փոխանցելով 35  հազար դրամ: Դրանից հետո սեպտեմբերի 1-ին դարձյալ «Ֆեյսբուքով» Արմեն Կ.-ն Ալեքսանդրից պահանջել է, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 2-ին Մարատի հաշվեհամարին փոխանցի 15 հազար դրամ: Սեպտեմբերի 2-ին, ժամը 15-ն անց 33-ին և 16-ն անց 15-ին Ալեքսանդրը հիշյալ հաշվեհամարին է ուղարկել ընդհանուրը՝ 15 հազար դրամ: 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Արմեն Կ.-ն «Ֆեյսբուքով» Ալեքսանդրից պահանջել է, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի  6-ին, մինչև ժամը 13-ը «Իզի փեյ» դրամական փոխանցման համակարգով Մարատի հաշվեհամարին ուղարկի  20 հազար դրամ: Ալեքսանդրը սեպտեմբերի 6-ին, ժամը 14-ն անց 08 րոպեին հիշյալ հաշվեհամարին է ուղարկել 20 հազար դրամ: Սեպտեմբերի 9-ին Արմեն Կ.-ն «Ֆեյսբուքով» Ալեքսանդրից պահանջել է մեկ ժամվա ընթացքում իրեն պատկանող հաշվեհամարին ուղարկել 15 հազար դրամ: Ալեքսանդրը նույն օրը, ժամը 17-ն անց  37-ին հիշյալ հաշվեհամարին է փոխանցել 15 հազար դրամ: Սեպտեմբերի 10-ին Արմեն Կ.-ն «Ֆեյսբուքով» Ալեքսանդրին նոր, «կատարելագործված» պահանջ է ներկայացրել՝ «Իզի փեյ» դրամական փոխանցման միջոցով իրեն պատկանող հաշվեհամարին ամեն օր փոխանցում կատարել՝ օրական փոխանցել 5 հազար դրամ: Սեպտեմբերի 11-ին, ժամը 12-ն անց 58-ին Ալեքսանդրը հիշյալ հաշվեհամարին է փոխանցել 2 օրվա գումար՝10 հազար դրամ: Բայց սա վերջին փոխանցումն է եղել Ալեքսանդրի կողմից, նա վերջապես դիմել է իրավապահներին: 2018 թվականի մայիսի 17-ին դատարանում ստացվել է տուժող Ալեքսանդրի դիմումը, որով նա հայտնում էր, թե չի բողոքում Արմեն Կ.-ի դեմ, նրանից իր կրած վնասների փոխհատուցում չի պահանջում… Դատարանը հաշվի է առել, որ Արմեն Կ.-ն դրական է բնութագրվել, բարձրագույն կրթություն ունի, ծառայության ժամանակ պարգևատրվել է շնորհակալագրով, մշտական աշխատանք ունի, նախկինում դատապարտված չի եղել, խոստովանական ցուցմունքներ է տվել, աջակցել է գործի լիակատար բացահայտմանը, մեղքն ընդունել ու զղջացել է: Դատարանը հաշվի է առել նաև, որ, ճիշտ է, Արմեն Կ.-ի կողմից հանցավոր արարքը կատարվել է մի քանի դրվագներով, բայց, ըստ դատական ակտի՝ «հանցավոր արարքի կատարման գործում նպաստել է նաև տուժողի անփույթ ու անհետևողական վարքագիծը՝ մասնավորապես՝ հենց տուժողի անուշադրության հետևանքով է իրեն անվանարկող տեսանյութը հայտնվել համացանցում ու հասանելի դարձել օգտատերերին, այլ ոչ թե ամբաստանյալի՝ առանձնահատուկ ջանքեր գործադրելու արդյունքում»: Դատարանում Արմեն Կ.-ն, այնուամենայնիվ, պատրաստակամություն է հայտնել տուժողին հատուցելու պատճառված վնասը:  Նա ասել է, թե իր առաջարկներին տուժողը… չի արձագանքում… Արմեն Կ.-ն մեղավոր ճանաչվեց շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց տուգանքի՝  600 հազար դրամի չափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր