00:00:00

Պետությունը տնտեսվարողների մոտ շուրջ 80-90 մլրդ դրամ շրջանառու միջոց է թողնում. Միրումյան

20:38, 20 փետրվար 2018 Տնտեսություն

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով հօգուտ գործարար միջավայրի կատարելագործվել են հարկման մեխանիզմները: Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի հարկային ինքնուրույն համակարգի պատմության մեջ առաջին անգամ՝ 2018թ-ի հունվարի 1-ից, կիրառվում է, ինչպես արտահանողներին, այնպես էլ ՀՀ տարածքում գործունեություն իրականացնողներին ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը. «20 օրվա ընթացքում ՊԵԿ-ն արդեն ստացել է 14 հայտ՝ 1,4 միլիարդ դրամ նշված գումարով, որը, հիմնավորվելու դեպքում, վերադարձվելու է տնտեսվարող սուբյեկտներին՝ նրանց մոտ ձևավորելով շրջանառու միջոցներ»: ՊԵԿ նախագահի տեղակալը հիշեցրել է, որ տարեսկզբից արտադրական նշանակության մեքենաները, սարքավորումները և հումքը Հայաստան են ներմուծվում՝ առանց մաքսային սահմանին ԱԱՀ վճարելու. «Մեկ ամսվա վիճակագրության համաձայն՝ շուրջ 3 միլիարդ դրամ ԱԱՀ-ի գումար մաքսային սահմանին արդեն չի վճարվել: Տարվա կտրվածքով այդ գումարը կկազմի 40-45 միլիարդ դրամ»: Հարկային օրենսգրքի դրույթներից մեկն էլ ուղղված է ՀՀ-ի միջոցով երրորդ երկրներ արտահանումն ավելի գրավիչ դարձնելուն: Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրերով, եթե ընկերությունը երրորդ երկրներից Հայաստան է ներմուծում ապրանքներ և արտահանում այլ երկրներ, ապա մաքսային սահմանին ԱԱՀ չի գանձվում: Անդրադառնալով շահութահարկին առնչվող կարգավորումներին՝ Վախթանգ Միրումյանն առանձնացրել է ամորտիզացիայի հնարավորությունը, որն ուղղված է տնտեսվարող սուբյեկտների կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանը: «Բիզնեսի համար կարևոր քայլ է նաև շահութահարկի կանխավճարների այլընտրանքային համակարգի ներդրումը, երբ տնտեսվարողը ստիպված չէ նախորդ տարվա փաստացի շահութահարկի 25% չափով եռամսյակային կանխավճարներ կատարել, եթե ընթացիկ տարում պակաս շահույթ է ակնկալում»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտները արտերկրում կատարված գովազդի, մարքեթինգի կամ կադրերի վերապատրաստման գծով ծախսերն այսուհետ կարող են ամբողջությամբ նվազեցնել՝ առանց որևէ սահմանափակման: «Իսկ ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերը 24,4% դրույքաչափով եկամտային հարկի փախորեն վճարելու են 20% շահութահարկ»,-տեղեկացրել է կոմիտեի նախագահի տեղակալը՝ հավելելով, որ օրենսգրքով վերացել է նաև ակցիզային դրոշմանիշեըի և դրոշմապիտակների ձեռքբերման դիմաց գումարի գանձման և հետագայում հաշվանցման անհրաժեշտությունը: Իսկ այլ պետություններում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենայով մեր երկիր եկող զբոսաշրջիկն այլևս ճանապարհային հարկ չի մուծում: ՊԵԿ նախագահի տեղակալի գնահատմամբ բիզնեսին աջակցող այս միջոցառումների արդյունքում պետությունը տնտեսվարողների մոտ շուրջ 80-90 մլրդ դրամ է թողնում. «Սա ընդգծված և երկարաժամկետ ռազմավարություն է՝ տնտեսվարողի մոտ շրջանառու միջոցներ թողնելու նպատակով, որոնք նա կարող է ներդնել բիզնեսի մեջ և ընդլայնել տնտեսական գործունեությունը կամ, օրինակ, ավելի մեծ եկամուտ վճարել վարձու աշխատողներին»: Վախթանգ Միրումյանն անդրադարձել է նաև հարկային վարչարարության արմատական փոփոխություններին և պարզեցումներին: Մասնավորապես՝ նոր օրենսգրքով տնտեսվարողին հնարավորություն է ընձեռվում ստուգումների ընթացքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ՝ ազատվելով պատասխանատվության ենթարկվելուց: «Հստակեցվել են ստուգումների գործընթացի կասեցումները, իսկ դրանց հիմքերը ճշգրիտ արտացոլվելու են կասեցման հանձնարարագրերում»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալը՝ տեղեկացնելով, որ ստուգումների որոշ տեսակներ, ինչպիսին է հանդիպակաց ստուգումը, կրճատվել են: Վ. Միրումյանը հայտնել է նաև, որ հարկ վճարողներն ավելի երկար ժամանակ են ստացել՝ ստուգման ակտերի նախագծերի վերաբերյալ առարկություն ներկայացնելու համար: Ընդհանուր առմամբ, ըստ Վախթանգ Միրումյանի, էապես նվազել է հարկային օրենսդրության դրույթները խախտելու համար պատասխանատվությունը: Օրինակ՝ առավելապես ՓՄՁ-ներին առնչվող արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների համար 1-ին անգամ խախտում կատարելու դեպքում տուգանքի ինստիտուտը փոխարինվել է նախազգուշացմամբ: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր