00:00:00

«Խելագարության կանխավարկած». Ինչպե՞ս ապահովել մարզերից ներկայացվածություն ԱԺ-ում. «Ծառուկյան»-ը լուծումը գտել է

18:14, 06 հուլիս 2018

Ներկայումս գործող համամասնական ընտրակարգը՝ տարածքային ցուցակներով, էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրակարգից եւ հիմքում ընկած է թաքնված մեծամասնական ընտրակարգը: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ներկայացնելով «Ծառուկյան. Դաշինքի առաջարկները: Նրա խոսքով, նախորդ ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ նման ընտրակարգով ընտրություններն ապաքաղաքականացվում են. «Ընտրապայքարն ընթանում է ընտրություններին  մասնակցող նույն կուսակցության ցուցակներում ընդգրկված թեկնածխուների միջեւ, որտեղ գաղափարական մրցակցությունը մղվում է երկրորդ պլան: Արդյունքում ընտրական համակարգն ամբողջությամբ ընտրությունը դարձնում է անհասկանալի: Նման համակարգը չի բխում ժողովրդավարական իշխանություն ձեւավորելու սկզբունքից: Առաջարկում ենք ԱԺ հաջորդ ընտրություններն անցկացնել 100 տոկոս համամասնական մեկ ամբողջական փակ ցուցակով, որը կբխի ՀՀ Սահմանադրությունից, քաղաքացու շահերից, կնպաստի բազմակուսակցականությանը, ընտրությունները չեն անձնավորվի, կբարձրանա ընտրությունների նշանակությունը»,-հայտարարեց Բագրատյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ փակ ցուցակներով ընտրությունների դեպքում՝ մարզերից թեկնածուներ չեն լինի, կընտրվեն միայն երեւանցիները, քանի որ նրանք կլինեն ցուցակի վերին հորիզոնականներում, Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այդ խնդրի լուծումը տեսնում են հետեւյալ կերպ. «Առաջարկում ենք Ընտրական օրենսգրքով սահմանել, որ ցուցակի յուրաքանչյուր 6-նյակում ընդգրկվեն վերջին 5 տարում մարզերում գրանցված եւ այնտեղ բնակվող թեկնածուները: Նաեւ առաջարկվում է հերթականություն սահմանել, որ առավել մեծ բնակչություն ունեցող մարզի թեկնածուն լինի առաջին վեցնյակում եւ այդպես շարունակ»: «Ելք»-ի ներկայացուցիչ Գրիգորի Դոխոյանը հարց ուղղեց. «Եթե ասենք Լոռու մարզի թեկնածուն առաջին 6-նյակում է եւ հրաժարվում է մանդատից, Լոռու մարզից պատգամավոր չե՞նք ունենալու, եւ այդպես կարող են հրաժարվել բոլորը», ինչին «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Բայց ինչի՞ պետք է  հրաժարվեն, խելագարության կանխավարկածով պետք չի առաջնորդվել: Գուցե մեկը հրաժարվի, բայց բոլորն ինչո՞ւ են հրաժարվելու»: Սերգեյ Բագրատյանն էլ պարզաբանեց, որ ամեն մարզից երեքական թեկնածու է լինելու, որ եթե մեկը հրաժարվի, հաջորդը եւս լինի նույն մարզի թեկնածուն: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նկարագրեց մի վիճակ, որ ենթադրենք որեւէ քաղաքական ուժ թույլ է Լոռու մարզում, բայց ունի 3-4 թեկնածու Շիրակի մարզում. «Այստեղ արհեստական բան կա, քանի որ կուսակցությունը ստիպված է լինելու Լոռու մարզում փնտրել գտնել քաղաքական գործչի նման մեկին, որ թեկնածու առաջադրի»: ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանն էլ մտահոգություն հայտնեց, որ եթե որեւէ կուսակցություն թույլ է որեւէ մարզում, որը շատ բնակիչ ունի, բայց ուժեղ է քիչ բնակչություն ունեցող մարզում, կստացվի, որ այդ փոքր մարզում այդ ուժը շատ ձայն կստանա, սակայն այդ մարզի թեկնածուն չի ընտրվի, այլ կընտրվի շատ բնակչություն ունեցող մարզի թեկնածուն: Սերգեյ Բագրատյանն էլ առարկեց, որ գործող տարածքային ցուցակների դեպքում եւս տարածքային ցուցակներում ընդգրկված անձանց մեծ մասը Երեւանում էին բնակվում եւ էլի մարզերից ներկայացվածության խնդիրը չլուծվեց: ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ բաց համամասնական ցուցակի դեպքում այդ հարցը դուրս է գալիս, քանի որ ընտրողն է որոշում, թե ցուցակից ով շատ ձայն ստանա. «Կարող է Լոռու մարզից բոլորն ընտրվեն, մյուս մարզից՝ ոչ»: Նա նաեւ նկատեց, որ գործող համակարգի դեպքում քիչ ձայն ստացած անձը կարող է մանդատ ստանալ, իսկ ավելի շատ ձայն ստացած թեկնածուն՝ չստանալ, իսկ միասնական մեկ ցուցակով համամասնականի դեպքում, բաց, թե փակ ցուցակով, դա բացառվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր