00:00:00

Ալիևին պետք է հասկացնել, որ պետք չէ անել այնպիսի գործողություններ, որոնք կխախտեն բալանսը. Վիկտոր Միզին

23:34, 02 հուլիս 2018

Ռուսաստանը պետք է խաղաղարարի դեր ստանձնի: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) վերլուծական կենտրոնի գիտաշխատող, դիվանագետ, պատմաբան և քաղաքագետ Վիկտոր Միզինը՝ անդրադառնալով Նախիջևանում տեղի ունեցող զարգացումներին: «Ադրբեջանը միշտ էլ հայտարարել է, որ Ղարաբաղն իրենն է, վերջերս հայտարարում էր, որ Երևան են հասնելու: Որպես պարտված կողմ՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ իրավիճակը փոխելու համար»,- ասաց Միզինը: Ըստ նրա՝ պատահական չէ, որ Ադրբեջանը զինվում է, զենք է գնում, բայց նրանց գործողությունները «այրոց են առաջացնում»: «Ցավալի է, որ նման միջադեպերն ավարտվում են մահով: Ինձ թվում էր, որ իրենք հասկանում են իրավիճակը, ադեկվատ են գնահատում, բայց... Ամեն դեպքում ես միշտ էլ գիտակցել եմ, որ իրենք չեն համակերպվելու ներկայիս իրավիճակի հետ: Կարծում եմ, որ սա կշարունակվի, քանի դեռ ադրբեջանական կողմը կլինի այն համոզման, որ այս հողերն իրենցն են»,- նշեց Վիկտոր Միզինը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքին, ապա Վիկտոր Միզինն ասաց, որ հարցը շատ կարևոր է, որովհետև Մոսկվան բարդ դրության մեջ է: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանում է գտնվում ռուսական 10-րդ բազան, ռուս զինվորներն են պահում հայկական սահմաններից մեկը, բայց մյուս կողմից Ռուսաստանը չի ցանկանում վատթարացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Պաշտոնական Մոսկվան պարտավոր է պաշտպանել Հայաստանին, բայց Ադրբեջանի հետ էլ չէինք ցանկանա փչացնել հարաբերությունները, և այս տեսանկյունից իրավիճակը բարդ է»,- նշեց Վիկտոր Միզինը: Փորձագետն ասաց, որ Բաքուն Արևմուտքի հետ «խաղի մեջ է մտել», զենք է գնում եվրոպակական երկրներից: Միզինը շեշտեց՝ Ռուսաստանը պետք է խաղաղարարի դեր ստանձնի: «Ալիևին պետք է հասկացնել, որ պետք չէ անել այնպիսի գործողություններ, որոնք կխախտեն հավասարակաշռությունը, հակառակ դեպքում Մոսկվան ստիպված կլինի քայլեր ձեռնարկել, որոնք կվերականգնեն իրավիճակը: Ես չգիտեմ, թե ինչ պետք է անի Մոսկվան, բայց վստահ եմ, որ պրովոկացիաները լավ բանի չեն հանգեցնի»,- նշեց նա: Հարցին՝ Ադրբեջանը փորձո՞ւմ է Մոսկվային՝ պարզելու համար, թե հակամարտության որ կողմից է Ռուսաստանը, Վիկտոր Միզինը պատասխանեց, որ Բաքուն իհարկե կցանկանար, որ Ռուսաստանը կտրուկ արտահայտվի, բայց «ռուսները հիմար չեն, ամեն ինչ լավ հասկանում են»: «Ալիևը կցանկանար, որ Ռուսաստանը հրապարակային ասեր, թե ում կողմից է ինքը, բայց Մոսկվան դա չի անի, հակառակ դեպքում կունենանք անկայունություն: Դժվար թե հնարավոր լինի «բռնել» Մոսկվային պրովոկացիաների արդյունքում, որովհետև Ռուսաստանը հետաքրքրված է կայունությամբ ու խաղաղությամբ և չի անի այնպիսի քայլեր, որոնք դրան դեմ են»,- շեշտեց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր