Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նախօրեին ավարտվեցին խմբային փուլի վերջին հանդիպումները, եւ արդեն հայտնի են 1/8-րդ եզրափակչի մրցակից թիմերը։ Ահա թե ով ում հետ կմրցի։
Առաջին խաղերը տեղի կունենան վաղը՝ հունիսի 30-ին։ Նախ տեղի կունենա բավական հետաքրքիր հանդիպում՝ Ֆրանսիան կմրցի Արգենտինայի հետ։ Նշենք, որ Լեո Մեսսիի հավաքականն այս առանջությանը ոչ մի կերպ չի կարողանում աչքի ընկնել, ավելին նրանք մեծ դժվարությամբ նվաճեցին 1/8-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր, մինչդեռ Ֆրանսիայի հավաքականն ավելի լավ տպավորություն է թողնում։
Պակաս դիտարժան չի լինի օրվա մյուս հանդիպումը՝ Ուրուգվայ-Պորտուգալիա խաղը։ Ուրուգվայի հավաքականը խմբային փուլի բոլոր երեք խաղերում հաղթանակ տարավ եւ անցավ 1/8-րդ եզրափակիչ 9 միավորով։ Իսկ ահա Ռոնալդուի հավաքականը խմբային փուլում բավական անհետաքրքիր խաղ ցույց տվեց։
Հուլիսի 1 ին տեղի կունենան Իսպանիա-Ռուսաստան եւ Խորվաթիա-Դանիա հանդիպումները։
Իհարկե, ողջ Ռուսաստանը, որտեղ անցնում է աշխարհի առաջնությունը, սրտատրոփ սպասում է Իսպանիայի հետ կայանալիք հանդիպմանը։ Ռուսները բավական վստահ ներկայացան խմբային փուլում եւ պատմության մեջ առաջին անգամ անցան 1/8-րդ եզրափակիչ։ Իսպանացիները ոչ այնքան վստահ խաղ ցույց տվեցին խմբային փուլում եւ բավական դժվար պայքար է սպասվում նրանց՝ հաշվի առնելով, որ ռուսներն իրենց հայրենիքում ավելի վստահ կզգան իրենց։
Այս առաջնության դրական բացահայտումներից էր Խորվաթիայի հավաքականը, որը վստահ խաղ ցույց տվեց խմբային փուլում, երեք խաղում էլ հաղթեց եւ 9 միավորով անցավ 1/8-րդ եզրափակիչ։ Այնպես որ, դանիացիներին դժվար պահեր են սպասվում։
Հուլիսի 2-ին կմրցեն Բրազիլիայի եւ Մեքսիկայի հավաքականները, որտեղ ֆավորիտ են համարվում բրազիլացիները եւ Բելգիան ու Ճապոնիան։ Բելգիան եւս բավականին վստահ խաղ ցույց տվեց խմբային փուլում՝ 3 խաղում հաղթելով եւ 9 միավոր հավաքելով։
Հուլիսի 3 -ին տեղի կունենան 1/8-րդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները։ Կմրցեն Շվեդիան ու Շվեյցարիան, ինչպես նաեւ Կոլումբիան եւ Անգլիան։
Թե Շվեդիան, թե Շվեյցարիան վատ չներկայացան խմբային փուլում եւ կարծես թե հավասար պայքար է սպասվում։
Կոլումբիան եւս լավ ներկայացավ, սակայն այնուամենայնիվ Անգլիայի հետ խաղում ֆավորիտներն անգլիացիներն են։