Հունիսի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներ:
Այցի առաջին կանգառը Պտղունք համայնքն էր, որտեղ տեղի միջնակարգ դպրոցի վթարային պայմաններին ծանոթանալուց հետո նախարարը հավաստիացրել է, որ իր իրավասության շրջանակում հետամուտ է լինելու դպրոցի բարեկարգմանն ու աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը։
Այնուհետև Փարաքար, Արագած, Գայ, Մեծամոր, Արմավիր, Սարդարապատ, Բաղրամյան համայնքներում նախարարը խորհրդակցություններ է անցկացրել մարզպետ Գագիկ Միրիջանյանի և 95 համայնքապետերի մասնակցությամբ։ Քննարկվել են համայնքային առաջնահերթ նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ, որոնց թվում նախարարը կարևորել է համայնքի եկամուտների հավաքագրման և հարկահավաքության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը։
«Արարատյան դաշտը հանրապետությունում աչքի է ընկնում ամենաբարեբեր հողերով, բայց միևնույն ժամանակ` հարկահավաքության ամենացածր ցուցանիշներով»,-նշել է նախարարը՝ հորդորելով հարկահավաքությունն իրականացնելիս ապահովել համայնքի բնակիչների համար թափանցիկ գործելաոճն ու համայնքի միջոցների նպատակային օգտագործումը։
Ընդհանուր խնդիրների շարքում համայնքի ղեկավարները ներկայացրել են համայնքներում խմելու և ոռոգման ջրի ապահովման, գազամատակարարման, ճանապարհաշինության խնդրահարույց կողմերը, որոնք նախարարի հավաստիացմամբ լիազոր մարմիններում բարձրաձայնվելու են, քննարկվելու և ստանալու արդյունավետ լուծումներ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև համայնքների սոցիալ-մշակութային կյանքի բարելավմանը, կրթական և մշակութային հաստատությունների բարեկարգմանն առնչվող խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Նախարարը համայնքի ղեկավարներին իրազեկել է կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի և դրանց դիմելու վերջնաժամկետների մասին և հորդորել մեծացնել դրանցից օգտվելու համայնքի հնարավորությունը։
Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև պաշտոնյայի՝ հասարակության հետ մշտապես հաղորդակից լինելու առաքելությունը՝ ուղղորդելով համայնքի ղեկավարներին որդեգրել նոր գործելաոճ և սերտացնել կապը համայնքի բնակիչների հետ։
«Պետք է դուրս գալ գրասենյակային պաշտոնյայի հոգեբանությունից։ Նախարարները ու առաջին հերթին տարածքային կառավարման և զարգացման նախարարը պետք է ճանաչեն Հայաստանն ամբողջությամբ, հասկանան, թե ինչ խնդիրներ կան Երևանից դուրս։ Ինքս ամռան ընթացքում` հանգստյան օրերին, լինելու եմ տարբեր համայնքներում, ծանոթանալու եմ գյուղացիների խնդիրներին,պատասխանելու եմ նրանց հետաքրքրող հարցերին, նաև ստանալու եմ ինձ հուզող հարցերի պատասխանները»,-նշել է նախարարը։ Այս հարցում նա մեծապես կարևորել է նաև մարզպետ Գագիկ Միրիջանյանի համայնքային այցելությունները և հույս հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ։
Մարզպետ Գագիկ Միրիջանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցելությունների համար և հավաստիացրել, որ համատեղ ուժերով կգտնեն մարզի առջև ծառացած խնդիրների լուծման ամենաօպտիմալ տարբերակները։
Այցի ավարտին նախարարը եղել է բերքի մթերման կետերից մեկում,ծանոթացել է ծիրանի մթերման գործընթացին։