00:00:00

2 ոստիկանի մահացու վթարի ենթարկելու մեջ մեղադրվող «Ճվճվ» Արոյի որդու գործն ուղարկվեց դատարան

22:48, 18 հունիս 2018 Իրավական

«Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ վթարի գործն ուղարկվեց դատարան: Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Նշենք, որ հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Երևանի Սայաթ Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են Ս. Վ.-ի վարած «ԲՄՎ-X6» մակնիշի և Ա. Դ.-ի վարած ՃՈ ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎ-X6» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է կանաչապատ գոտում գտնվող գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի  ավտոմեքենայի վարորդ, ՃՈ ծառայող Ա.Դավթյանին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ վերջինիս ուղևոր Խ.Գ-ին, «ԲՄՎ-X6» մակնիշի, ավտոմեքենայի ուղևորներ Ա.Շ.-ին և Ա. Հ.-ին` մարմնական վնասավածքներ: Նույն օրը երեկոյան, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով հիվանդանոցում մահացել է նաև ՃՈ ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, ՃՈ ծառայող Խ. Գ.ն: Ավտովթարից հետո «ԲՄՎ-X6» ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: Դեպքի առիթով քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ: Հունվարի 8-ին Ս. Վ-ն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին, նույն օրը նա ձերբակալվել է: Երկու օր անց նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 11-ին բավարարել է  մեղադրյալ Ս.Վ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը: Քննության ընթացքում նշանակվել են նաև դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական,  դատաավտոտեխնիական, մանրաթելային, ինչպես նաև դատաավտոտեխնիկական և դատատեսաձայնագրային փորձաքննություններ: 2018թ. հունիսի 13-ին նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ստացվել Երևան քաղաքի դատախազությունում: Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ հունիսի 18-ին հաստատվել է քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, ըստ էության քննելու համար: Հիշեցնենք, որ «ԲՄՎ X6»-ի վարորդ Սարգիս Վարդանյանը «Ճվճվ Արոյի» որդին է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր