ԱԱԾ-ն սենսացիոն տեսանյութ է տարածել ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տներում կատարված խուզարկությունների ու գտածոյի մասին՝ մեծ քանակության զենք զինամթերք, զինվորի բաժին սնունդ եւ ապրիլյան պատերազմի ժամանակ ժողովրդի հավաքած օգնությունը: Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր շաբաթ օրը՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Գրիգորյան պատգամավորը քրեական հետապնդման ենթարկվելու համար նախ եւ առաջ պետք է զրկվի պատգամավորական անձեռնամխելիությունից:
Irakanum.am-ը ներկայացնում է ընթացակարգը, որով սահմանվում է պատգամավորին անձեռնամխելիությունից զրկելը:
Հոդված 108.
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը
- Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
- Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետեւյալ կարգով. 1) մինչեւ քսանական րոպե տեւողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը եւ միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել.
- Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:
- Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
- Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ: