00:00:00

Մալաթիայում տղամարդը սպանել է հորաքրոջ որդուն՝ $25 հազար պարտքը չվերադարձնելու պատճառով

01:46, 14 հունիս 2018 Իրավական

1in.am-ը գրում է․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում նորանշանակ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ սկսվեց Դավիթ Դ.-ի գործի դատական քննությունը: Դավիթին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանությանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Դ.-ն օժանդակել է իր հորաքրոջ որդի Կարեն Մ.-ի կողմից Արշակ Գ.-ին սպանելուն՝ «նախապես Կարեն Մ.-ին խոստացած լինելով վերացնել խոչընդոտները, հանցագործության գործիքները, միջոցներն ու հետքերը, թաքցնել սպանությունը կատարողին»: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 23-ն անց 52 րոպեին Կարեն Մ.-ն Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ Բաբաջանյան փողոցում, իր մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել և դիտավորությամբ կյանքից զրկել է Արշակ Գ.-ին: Այս գործով անցնողները բարեկամներ են՝ սպանված Արշակ Գ.-ն սպանող Կարեն Մ.-ի հորաքրոջ որդին էր, իսկ Կարեն Մ.-ն իր հերթին նույնպես հորաքրոջ որդի է՝ ներկայումս ամբաստանյալի աթոռին նստած, ծանր հանցագործության՝ սպանության օժանդակության համար մեղադրվող Դավիթ Դ.-ի հորաքրոջ որդին: Սպանության նախապատմությունը, որ մեղադրող դատախազի կողմից այս դատական նիստում ներկայացվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասից, շատ ցավալի ու միաժամանակ, միգուցե, ոչ եզակի պատմություն է: Այս սպանությունից տարիներ առաջ Կարեն Մ.-ն գումարի կարիք ունենալով՝ իր հորաքրոջ որդի Արշակ Գ.-ից պարտքով վերցրել է 25 հազար դոլար՝ խոստանալով պարտքի մարումը շատ չձգձգել: Սակայն ժամանակն անցել է, Կարեն Մ.-ի գործերը, միգուցե, իր պատկերացրածով չեն գնացել, ու նա չի կարողացել վերադարձնել հորաքրոջ որդուց վերցրած գումարը: Պարտատերը՝ Արշակ Գ.-ն, որ գումարը տվել էր քեռորդուն՝ նրանից հետ ստանալու հավատով, սկսել է անհանգստանալ, պարբերաբար հիշեցնել Կարենին, ապա և՝ պարբերաբար պահանջել է վերադարձնել պարտքը: Սակայն Կարենը պարտքը չի վերադարձրել, այդ հողի վրա Արշակի ու Կարենի բարեկամական հարաբերությունները սկսել են վատանալ: Բարեկամների միջև սկսել է խորանալ անձնական թշնամանքը, նրանք պարբերաբար վիճաբանել են պարտքի վերադարձման հարցի շուրջ: Ըստ մեղադրանքի՝ Կարեն Մ.-ն նախապես ձեռք է բերել ու իր «Նիսան Տիդա» մեքենայում պահել է հրազեն հանդիսացող ինքնաձիգ՝ փամփշտատուփով ու փամփուշտներով: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Դ.-ն՝ Կարենի քեռորդին, տեղյակ է եղել Կարենի մտադրությանը: Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի երեկոյան Կարեն Մ.-ն իր մեքենայով, որի ղեկին Դավիթ Դ.-ն էր, քանի որ Կարենը ալկոհոլ օգտագործած վիճակում էր, շրջագայել է երևանյան փողոցներում: Շրջագայության ընթացքում Կարենը նկատել է Արշակի մեքենան, որ կայանված էր իրենց ընթացքից ոչ հեռու: Նա Դավիթից պահանջել է, որ վերջինս մեքենան վարի դեպի Արշակի մեքենան ու կանգնի նրա մոտ: Դավիթը կատարել է հորաքրոջ որդու պահանջը: Կարենը Արշակին հարցրել է՝ ինչո՞ւ է այդ վայրում կայանել մեքենան, Արշակը, ըստ մեղադրանքի, պատասխանել է հայհոյանքով: Կարճ ժամանակ անց՝ 23-ն անց 52 րոպեին Կարեն Մ.-ն մոտեցել է Արշակի մեքենային, հանել է ինքնաձիգը ու ձախ կողմից կրակոցներ է արձակել Արշակի վրա՝ նրան պատճառելով բազմաթիվ վնասվածքներ ու զրկելով կյանքից: Ըստ մեղադրանքի՝ համաձայն Դավիթի հետ ունեցած պայմանավորվածության, Կարենը իր մեքենայով, որի ղեկին Դավիթն էր, անմիջապես մեկնել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթներից մեկի հետ պայմանավորվելով, որ նա գումար հասցնի օդանավակայան: Օդանավակայանում, ըստ մեղադրանքի, Դավիթը հանդիպել է Կարենի ծանոթ Համբարձումին, վերջինս 100 հազար դրամ է տվել, որը Դավիթը փոխանցել է Կարենին: Վերջինս անմիջապես գնել է Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի տոմս և հեռացել է Հայաստանից: Մինչ այժմ Կարեն Մ.-ն հայտնաբերված չէ, նա գտնվում է հետախուզման մեջ, գործից անջատված մասով է մեղադրանք առաջադրվել Դավիթ Դ.-ին: Վերջինս Կարենի փախուստից հետո, ըստ մեղադրանքի՝ սպանության գործիքն ու հետքերը թաքցնելու նպատակով, Կարենի մեքենայի բանալին հանձնել է Կարենի կնոջ եղբորը՝ Գևորգ Խ.-ին, նրան հայտնել է նաև մեքենայի մեջ գտնվող զենք-զինամթերքի մասին: Գևորգը մեքենան ու նրա մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը թաքցրել է: Որոշ ժամանակ անց, երբ Դավիթ Դ.-ն կալանքի տակ է առնվել, խուզարկություններ են կատարվել այս գործով անցնողների տներում, Գևորգն ինքնակամ նախաքննական մարմնին է հանձնել Կարենի մեքենան ու մեքենայի մեջ իր կողմից հայտնաբերված ինքնաձիգը, փամփշտատուփն ու փամփուշտները: Ըտ մեղադրանքի՝ ստացվում է, որ ներկայումս դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող ու հետախուզման մեջ գտնվող Կարեն Մ.-ն իր մի շարք բարեկամների ներքաշել է իր անօրինական գործերի շրջանակի մեջ՝ նախ այս գործով տուժողից առանձնապես խոշոր չափի գումար է պարտքով վերցրել, չի վերադարձրել պարտքը, պարտքը պահանջողին որպես իր թշնամի է ընդունել, ապօրինի զենքով կյանքից զրկել է նրան, ապա կատարած հանցանքի հետքերը թաքցնելու, վերացնելու և իր փախուստի իրականացման մեջ է ներքաշել Դավիթ Դ.-ին, Գևորգ Խ.-ին, Համբարձումին՝ խաղալով նաև նրանց ճակատագրերի հետ… Երբ գործով մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ամբաստանյալ Դավիթ Դ.-ն հայտարարեց. «Գիտեմ՝ ինչի համար եմ մեղադրվում… Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում… Էդ ամեն ինչը իմ համար պատահական է եղել, ես չէի ուզի, որ նման բան լինի»: Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը՝ հետազոտել գործում առկա փաստաթղթերը, հարցաքննել տուժողի իրավահաջորդին՝ սպանված Արշակի հորը, ապա՝ վկաներին, վերջում հարցաքննել ամբաստանյալին: Դատական նիստի սկզբում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ պահանջելով դադարեցնել իր պաշտպանյալի քրեական հետապնդումը, կարճել քրեական գործի վարույթը և, որպես դրանից անմիջապես բխող անհրաժեշտություն, իր պաշտպանյալին ազատ արձակել կալանքից: Պաշտպանը, սակայն, իրատես լինելով՝ չառարկեց, որ միջնորդությունը դատարանի կողմից անմիջապես քննարկման առարկա չդարձվի: Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը: Պաշտպանը իր միջնորդությունը հիմնավորում է նրանով, որ իր պաշտպանյալ Դավիթ Դ.-ն նախնական ոչ մի պայմանավորվածություն չի ունեցել Կարեն Մ.-ի հետ, նա չի իմացել Կարենի դիտավորության մասին, իսկ սպանության կատարումից հետո՝ կանգնելով փաստի առաջ, այո, կատարել է Կարեն Մ.-ի պահանջները, միգուցե կատարել է հանցագործության պարտակմանն ուղղված գործողություններ, սակայն հանցագործության պարտակման մեղադրանք Դավիթ Դ.-ին առաջադրված չէ: Պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում միջնորդել է, որ Դավիթի արարքը վերաորակվի, սպանության օժանդակությունը վերաորակվի որպես հանցագործության պարտակում, բայց քանի որ միջնորդությունը մերժվել է, արարքի վերաորակում չի կատարվել, ներկայումս պաշտպանական կողմը միայն արդարացում է ակնկալում, քանի որ համոզված է՝ Դավիթ Դ.-ն չի կատարել այն արարքը, որ ներկա քրեական գործով մեղսագրված է նրան: Դատարանը հասցրեց հետազոտել քրեական գործի երեք հատորներում ամփոփված փաստաթղթերը: Մեղադրող դատախազը դատարանի ուշադրությունը հրավիրեց քրեական գործի երրորդ հատորում ամփոփված՝ Կարեն Մ.-ի, Դավիթ Դ.-ի, Արշակ Գ.-ի հեռախոսների մուտքային ու ելքային զանգերի վերծանումների վրա: Այդ վերծանումներից պարզվում է, որ հանցագործությունից առաջ Կարեն Մ.-ն իր հեռախոսահամարից ելքային զանգեր է կատարել Դավիթ Դ.-ին, Գևորգ Խ.-ին: Սպանությունից 11և 9 րոպե առաջ Կարեն Մ.-ն զանգել է տուժող Արշակի համարին, իսկ սպանության կատարումից հետո նա զանգել է իր ծանոթ Համբարձումին, ով անմիջապես «Զվարթնոց» օդանավակայան է հասցրել 100 հազար դրամ և Դավիթի միջոցով փոխանցել է Կարենին: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր