Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ լ. բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումների նախագծեր են մուտքագրվում Ավագանու հերթական՝ հունիսի 18-ի նիստի օրակարգ:
«Մի քանի րոպեից Գյումրու Ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանին,Գորիկ Հակոբյանին, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումների նախագծեր է մուտքագրելու Ավագանու հերթական՝ հունիսի 18-ի նիստի օրակարգ:
Այդ մարդիկ որեւէ չափորոշիչով արժանի չեն այդ բարձր կոչումը կրելու պատվին: Սխալները, որ արել են Ավագանու նախորդ կազմերը ինչ-ինչ ճնշումների ազդեցությամբ, պիտի ուղղվեն: Զարհուրելի բան է, որ Մարտիրոս Սարյանի, Ազնավուրի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի, Լեւոն Ջուլֆալակյանի, Արթուր Ալեքսանյանի ու քաղաքացիներին օգնած բազմաթիվ բարերարների կողքին այս քառյակն էլ է կրում այդ տիտղոսը:
Այս անպատվությունը պիտի վերացվի:
Կոչ եմ անում Գյումրու գործող Ավագանու բոլոր խմբակցություններին եւ ավագանու անդամներին՝ մասնակցել նիստին եւ կողմ քվեարկել այս նախագծերին»,-ասված է գրառման մեջ: