00:00:00

Վեհափառ տեր, ի սեր հայ ազգի, լքեք Մայր աթոռը և հեռացեք

00:30, 08 հունիս 2018

Վեհափառ Տեր, Ձեր գահից հրաժարումը համահայկական պահանջ է և դրա վառ ապացույցն են Հայաստանում տիրող հոգևոր ճգնաժամը, ժողովրդական հուզումները, Ձեր նկատմամբ տիրող անվստահության մթնոլորտը, Հայաստանում թե Սփյուռքում՝ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐ ՀԱՅՐԱՊԵՏ պահանջը․ Դուք դիտավորյալ արգելակել եք եկեղեցու հզորացմանն ու զարգացմանը․ Սուրբ Էջմիածնից հեռացան նվիրապետական աթոռները։ Ձեր գահակալության անցնող քսան տարիներին Դուք Ձեզ հեռու պահեցիք և ժողովրդին զրկեցիք Եկեղեցու հովանու տակ համախմբվելու հնարավորությունից։ Դրա վառ ապացույցը եղավ վերջին շաբաթներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, երբ հարյուր հազարավոր հայ եկեղեցու զավակներ Հայաստանի տարբեր քաղաքներում հավաքված արդարության, Հայաստանի փրկության գործընթացին էին մասնակցում, դուք նախընտրեցիք կանգնել բարոյազրկված իշխանական վերնախավի կողքին՝ անտեսելով Ձեր հազարավոր զավակների խնդրանքն ու հորդորը՝ աջակից լինելու Նոր Հայաստանի կերտմանը։
Երկրում տիրող անարդարության քսան տարիների ընթացքում երբեք ձայն չբարձրացրեցիք անօրինական ընտրությունների, ժողովրդի ձայների գողացման, ժողովրդի հոգևոր ստրկացման, երկրի թալանի, ահագնացող իրավիճակների հասնող արտագաղթի, բանակում տիրող ապօրինությունների վերաբերյալ, որոնց հետևանքը դարձավ 2016 թվականի ապրիլյան պատերազմը։
Եկեղեցին չունեցավ մշակված մարտավարություն և հայեցակարգ՝ երիտասարդների, ազգի առողջացման, գենոֆոնդի, հոգևոր անվտանգության, սոցիալական, հոգևոր-բարոյական, մշակութային հարցերի շուրջ։ Թեմակալ առաջնորդներն ու թեմերը զրկվեցին ավանդական կանոնական իրավունքներից և թուլացավ թեմական ու ծխական կյանքը։ Ձեր գահակալության տարիներին խիստ նվազեց հավատացյալների քանակը, որի արդյունքում բազմացան նաև տարաբնույթ աղանդները, անտարբեր մնացիք ազգակործան քաղաքական դավերի, ժողովրդի ազգային ու մշակութային դիմագիծն այլասերող երևույթների դեմ։ Կենտրոնանալով Մայր Աթոռում Ձեր փառքը հանդիսացող շինարարական աշխատանքների վրա՝ Դուք անտեսեցիք Հայաստանի պատմական վանքերի խնամքն և վերականգնումը։ Չձևավորեցիք վանական միաբանություններ, որը Եկեղեցու զորացման գրավականն էր։ «Սարերում» գտնվող եկեղեցիներն ու վանքերը, որոնք Ձերդ Սրբությանը չեն դատարկ են, ավերակ ու անաղոթք․․․ Հեռավոր գյուղերը զրկված են հոգևորականներից, թեմերում սահմանափակ է հոգևոր հայրերի թիվը և օր օրի ծանրանում է համայնքներում ծառայող հոգևորականների սոցիալական վիճակը։ Ապօրինաբար կարգալույծ անելով արժանավոր և կարող հոգևորականների՝ զրկել եք եկեղեցին քարոզիչներից։
Հավաքել եք երիտասարդ միաբաններին Մայր Աթոռում և չեք ուղղորդել նրանց՝ գնալու գյուղեր քարոզչության։ Մայր Աթոռում Ձեր գահակալության շրջանին մինչ այսօր տիրում է պատժելու, ջարդել-փշրելու քաղաքականությունը և միաբանների նկատմամբ անտարբերությունը։
Մեծ խայտառակություն էր ապրիլի 22-ին Մոսկվայում Ձեր եղբոր կողմից հավատացյալ ժողովրդի դեմ ոստիկանության հրավիրումը և ձերբակալությունները և մինչ օրս շարունակվող դատավարությունները․ այն դեպքում, երբ դեռևս շատերի հիշողության մեջ թարմ են Եզրաս արքեպիսկոպոսի մասին մամուլում հնչած մանկապղծության մասին մեղադրանքները։ Եկեղեցու և ժողովրդի հանդեպ Ձեր սիրո և նվիրումի բացակայության արդյունքում հեղինակազրկվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքը, ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում։ Դուք այս ամբողջով դավաճանել եք մեր ազգին, Հայաստանի Հանրապետությանը, համայն հայությանը և դրժել եք Աստծո և ժողովրդի առջև Ձեր ուխտը։ Վեհափառ Տեր, ի սեր Հայ Ազգի՝ լքեք Մայր Աթոռը և հեռացեք։ Ազգի շահն է պահանջում, որ Էջմիածինը կառավարվի աթոռակից կաթողիկոսի կամ մի քանի փոխանորդների միջոցով։ Մենք՝ որպես Մայր Եկեղեցու նվիրյալ և հավատարիմ զավակներ, մշտապես Սուրբ Պատարագներին կաղոթենք Ձերդ Սրբության առողջության, արևշատության և մեղաց թողության համար։
«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր