00:00:00

Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալել է «Ավրորայի» 2018 թ. հերոսներին

23:28, 07 հունիս 2018

Հունիսի 7-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է 2018 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակի հավակնորդներին` Չո Լա Աունին (Մյանմա), Սունիտա Քրիշնանին (Հնդկաստան) և Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոյին (Մեքսիկա)` ուղեկցությամբ  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկի` Նուբար Աֆեյանի և Հարութ Շիթիլյանի: «Ավրորայի» երեք հերոսներին ներկայացնելով Հայոց Հայրապետին` Ն. Աֆեյանն ու Հարութ Շիթիլյանը անդրադարձել են նրանց բացառիկ նվիրումին ու իրենց երկրներում իրականացվող անձնազոհ առաքելությանը: Այնուհետև Նորին Սրբությունը բարձրորեն գնահատել է «Ավրորա» նախաձեռնության առաքելությունը, նախաձեռնության բոլոր զորակիցներին` ի մասնավորի համահիմնադիրներին, ինչպես նաև իրենց ներդրումը բերած բոլոր այլ անձանց: Դիմելով դափնեկիրներին` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը մեծ գոհունակությամբ արձանագրել է վերջիններիս գովելի ծառայությունները` իրականացված Բարձրյալի պատվիրաններին և համամարդկային արժեքներին համահունչ, որոնցով աջակցություն են ստանում կարիքավորներ, նեղյալներ, սովի ու տառապանքի մեջ հայտնված մարդիկ: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով, փառք է տվել Բարձրյալին, որ մերօրյա հերոսների աշխատանքն ըստ արժանվույն գնահատվում է մարդասեր հանրության և կազմակերպությունների կողմից: Վեհափառ Հայրապետը նաև վստահություն է հայտնել, որ նրանք պետք է նույն նվիրումով, արիությամբ ու նախանձախնդրությամբ շարունակեն սատար կանգնել անարդարության ճիրաններում տառապող մարդկանց: Հայոց Հայրապետն ավելացրել է, որ այսօրինակ նախաձեռնությունները ոչ միայն խրախուսանքն ու գնահատանքն են նրանց կատարած աշխատանքի, այլև ներշնչանք, հրավեր և կոչ բոլոր մարդկանց` իրենց անմնացորդ սերն արտահայտելու նրանց նկատմամբ, ովքեր օգնության ձեռքի կարոտ են:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր