00:00:00

Մեկնարկում է Խաչատրյանի մրցույթը. կբացահայտվի լավագույն թավջութակահարը

00:26, 07 հունիս 2018 Մշակույթ

Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը։ Մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները և հյուրերն օրը սկսեցին՝ այցելելով Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհելով հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրմին։ Խաչատրյանի տուն-թանգարանում էլ տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված մրցույթի մեկնարկին։ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ ՀՀ նախարարության աջակցությունը մրցույթին պատահական չէ։ Մրցույթի պատմության 14 տարիները, ըստ փոխնախարարի, երաժշտարվեստի ոլորտում լրջագույն դերակատարման մասին են խոսում։ «Մեզ համար շատ կարևոր է մրցույթի միջոցով խաչատրյանական արվեստի հանրահռչակումը։ Արամ Խաչատրյանը, ճանաչված լինելով որպես համաշխարհային դասական, հայտնի է հիմնականում իր մի քանի ստեղծագործություններով։ Եվ այս ստուգատեսն առիթ է, որպեսզի հայ և արտասահմանցի կատարողների, մրցույթի մասնակիցների միջոցով տարբեր բեմերում հետագայում կատարվի Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Այս տարիների ընթացքում մրցույթին մոտ 1000 հայտատու ենք ունեցել։ Սա նշանակում է, որ առնվազն 1000 մարդ սովորել է Արամ Խաչատրյանի որևէ ստեղծագործություն»,- ասաց փոխնախարարը։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, խոսելով Խաչատրյանի մրցույթի ձեռքբերումների մասին, նկատեց, որ մրցույթի հաղթողները, դափնեկիրները հանդես են գալիս շատ տարբեր բեմահարթակներում, նվագախմբերի հետ, հանրահռչակում են Արամ Խաչատրյանի անունը, և այն փաստը, որ Խաչատրյանի մրցույթի մրցանակակիրները հետագայում դառնում են Չայկովսկու մրցույթի հաղթողներ, ինչպես օրինակ Նարեկ Հախնազարյանը, Անդրեյ Իոնիցան, մեզ համար մեծ հաղթանակ է։ «Լրջագույն ձեռքբերում է նաև այն փաստը, որ 2013թ. Խաչատրյանի մրցույթը դարձավ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ։ Դա վարկանիշային հստակ ցուցանիշ է, և նշանակում է, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը երաժշտական մրցույթների շատ ավելի բարձր լիգայում է։ Եվ այն, որ մեր մրցույթի բացման արարողությունը հեռարձակվելու Mrdici.tv-ի ուղիղ եթերով, մեծ ձեռքբերում է։ Մենք պետք է դուրս գանք մեր սահմաններից։ Մենք բոլորս ճանաչում, սիրում ենք մեր մշակույթը, բայց ավելի կարևոր ու ազդեցիկ է, որ այն սիրեն ամբողջ աշխարհում, և հեռարձակումն այդ հնարավորությունը կտա»,- ասաց Աննա Տեր-Հովակիմյանը։ Մրցույթի ժյուրիի նախագահ Սուրեն Բագրատունին ներկայացրեց ժյուրիի անդամներին, որոնք ժամանել են տարբեր երկրներից և աշխարհում մեծ համբավ վայելող թավջութակահարներ են։ Պարոն Բագրատունին իր խոսքում նշեց, որ Խաչատրյանի մրցույթից ակնկալում է բացահայտել լավ երաժիշտների, լավ ելույթներ։ Պարոն Բագրատունին նկատեց, որ Խաչատրյանի մրցույթին միշտ հետևել է. «Ես շատ լավ հիշում եմ թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանի, Անդրեյ Իոնիցայի և ջութակահար Ֆյոդր Ռուդինի ելույթները։ Կարող եմ ասել, որ այդ երաժիշտները շատ մեծ դեր են կատարում այսօր, և ինձ թվում է, որ այդ հարցում շատ մեծ է Խաչատրյանի մրցույթի դերը, քանի որ կարողացել է բացահայտել այդ տաղանդներին»։ Ասուլիսին ներկա էր 2006թ. Խաչատրյանի մրցույթի առաջին մրցանակակիր Նարեկ Հախնազարյանը, որ այսօր ելույթ է ունենալու մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը։ «Խաչատրյանի մրցույթում իմ առաջին հաղթանակն էր, ինչն ինձ համար մեծ պատիվ է ու սիրով կրում եմ հաղթողի տիտղոսը։ Ես հետևում եմ մրցույթին և շատ ուրախ եմ աշխարհում ունեցած ձեռքբերումների համար»,- ասաց Նարեկ Հախնազարյանը։ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։   «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր