00:00:00

Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան

20:37, 25 նոյեմբեր 2026 Բլոգ

Սահմանադրության նոր նախագծում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ներառել Եվրամիությանն անդամակցելու ձգտման մասին որևէ դրույթ, այլև գրել է այնպիսի բաներ, որոնք ընդունվելու դեպքում ընդհանրապես բացառելու են Հայաստանի երբևէ ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 

«Ուշադիր նայեք, թե ինչ նորամուծություններ են ներառվել այս նախագծում՝

• դատաիրավական համակարգի և ԲԴԽ-ի կազմավորման վերաբերյալ,

• դատավորների վեթինգի մասին,

• օրենքին հետադարձ ուժ տալու վերաբերյալ,

• քաղաքացիությունից զրկելու թեմայով և այլն։

Այս դրույթները ոչ միայն բացակայում են գործող Սահմանադրությունում, այլև ամբողջությամբ հակասում են Եվրոպական միության ստանդարտներին։

Եթե այս փոփոխություններն ընդունվեն, Եվրամիությունը Հայաստանին պարզապես մերժելու է։

Ինչո՞ւ։

Որովհետև ԵՄ-ն ունի անդամակցության հստակ չափորոշիչներ՝ Կոպենհագենյան կրիտերիաները, որոնք բաժանված են 3 խմբի (քաղաքական, տնտեսական, իրավական) և ներառում են 35 բանակցային ուղղություն։

Եթե երկիրը հայտ է ներկայացնում անդամակցության, ապա պարտավոր է իր ներքին օրենսդրությունը, տնտեսությունն ու քաղաքական համակարգը համապատասխանեցնել այդ ստանդարտներին։

Բալկանյան երկրները, Թուրքիան, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը տարիներ շարունակ սպասում են հերթում հենց այն պատճառով, որ դեռ չեն ավարտել այս 35 ուղղություններով բանակցություններն ու բարեփոխումները։

Իսկ մեզ մոտ արվում է ճիշտ հակառակը՝ սահմանադրական մակարդակով արգելափակվում է եվրահեռանկարը։

Ստացվում է զավեշտալի ու երկակի պատկեր. մի կողմից Փաշինյանը հրապարակավ հայտարարում է ԵՄ հայտ ներկայացնելու մասին, մյուս կողմից՝ այս նոր նախագծի մեջ ներառում է ձևակերպումներ, որոնք ոչ մի կապ չունեն եվրոստանդարտների հետ և փակում են մեր ճանապարհը։

Սրանով նա պարզապես մոլորեցնում է մեր հասարակությանը՝ կերակրելով կեղծ եվրահեռանկարով, թեև եվրոպացիներն էլ շատ լավ գիտեն, որ այս պայմաններում Հայաստանը տեսանելի ապագայում անդամակցության որևէ շանս չունի։

Սահմանադրության այս նախագիծը ոչ միայն ալիևյան և հակահայկական է, այլև՝ բացահայտ հակաեվրոպական։

Անկախ նրանից՝ արդարադատության ոլորտի պատասխանատուները վախեցել են սա ասել Փաշինյանին, թե ամեն ինչ արվում է գիտակցված, փաստը մնում է փաստ.

Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր