00:00:00

Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը, ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»

09:01, 25 նոյեմբեր 2026 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 23-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից։

Բիյագովը դիվանագիտական համակարգում երկարամյա աշխատանքային ուղի է անցել։ Նրա կենսագրությունը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա շուրջ երեք տասնամյակ աշխատել է Հայաստանի արտաքին գործերի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ ինչպես Երևանում, այնպես էլ արտերկրում։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչ ճանապարհ է անցել Վիկտոր Բիյագովը դիվանագիտական համակարգում, ինչպես նաև ինչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ է հայտարարագրել։

Կենսագրությունը և դիվանագիտական ուղին․

Վիկտոր Բիյագովը ծնվել է 1972 թվականի մարտի 8-ին՝ Երևանում։ 1988-1994 թվականներին սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և անգլերեն լեզվի ֆակուլտետում։

1995 թվականին Հաագայի «Քլինգենդալ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների երիտասարդ դիվանագետների համար նախատեսված դասընթացին, իսկ 1996-1998 թվականներին ուսումը շարունակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

2004 թվականին վերապատրաստում է անցել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջում՝ Հռոմում, իսկ 2016 թվականին նույն հաստատությունում մասնակցել է գեներալների և դեսպանների համար նախատեսված դասընթացին։

Բիյագովի աշխատանքային գործունեությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սկսվել է 1994 թվականին։ Սկզբում նա աշխատել է նախկին ԽՍՀՄ և ԱՊՀ երկրների վարչության Միջինասիական երկրների բաժնում՝ որպես ռեֆերենտ։ Հետագայում զբաղեցրել է կցորդի, երրորդ և երկրորդ քարտուղարի, ապա առաջին քարտուղարի պաշտոններ։

2000-2002 թվականներին աշխատել է Ռումինիայում ՀՀ դեսպանությունում՝ որպես երկրորդ քարտուղար, 2005-2008 թվականներին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանությունում։ 2010-2014 թվականներին եղել է Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության առաջին քարտուղար՝ Բրյուսելում։

2014-2018 թվականներին ղեկավարել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը։ 2018-2023 թվականներին եղել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչը՝ Մոսկվայում։

2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 23-ը զբաղեցրել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը և միաժամանակ եղել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

  

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Բիյագովի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզել, որ նրա անունով հայտարարագրված է երկու բնակարան՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։

Առաջին բնակարանը նա ձեռք է բերել դեռևս 1999 թվականի մարտի 15-ին՝ գնման եղանակով։ Երկրորդ բնակարանը ձեռք է բերել 2025 թվականի մայիսի 6-ին՝ ժառանգությամբ։

Տրանսպորտային միջոց․

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ Բիյագովը հայտարարագրել է 2002 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ Այն ձեռք է բերել 2014 թվականի ապրիլի 25-ին՝ գնման եղանակով։ Ավտոմեքենան առկա է եղել նաև 2025 թվականի տարեվերջին։

Դրամական միջոցներ և բանկային ավանդներ․

Բանկային հաշիվներում առկա գումարների մասով ևս «Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ փոփոխություններ է արձանագրել։ 2025 թվականի սկզբին Վիկտոր Բիյագովի բանկային հաշիվներում եղել է ընդհանուր 44,798.42 եվրո, 176.58 դոլար և 1,421,403.5 դրամ։ Տարեվերջին այդ գումարները կազմել են համապատասխանաբար 597,618 եվրո, 2,053 դոլար և 2,283,138.32 դրամ։

Բացի բանկային հաշիվներից՝ նա հայտարարագրել է նաև բանկային ավանդներ։ Եթե տարեսկզբին եվրոյով ավանդներից մեկի մնացորդը զրո է եղել, ապա տարեվերջին այն կազմել է 65 հազար եվրո։

Մյուս ավանդներում տարեվերջին առկա են եղել 50 հազար ԱՄՆ դոլար, 9 հազար եվրո և 5 հազար եվրո։ Այսինքն՝ միայն հայտարարագրված բանկային ավանդները տարեվերջին կազմել են 79 հազար եվրո և 50 հազար ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները ևս փոփոխվել են. եթե տարեսկզբին Բիյագովը հայտարարագրել էր 1000 եվրո, ապա տարեվերջին՝ 400 եվրո։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև նրա եկամուտները և արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում Բիյագովի ընդհանուր եկամուտները կազմել են 41 միլիոն 799 հազար 929 դրամ 87 լումա։

Եկամուտներ․

Հայտարարագրի համաձայն՝ Բիյագովը ժառանգության կարգով ստացել է 16 միլիոն 614 հազար 549 դրամի եկամուտ։

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել է երեք փոխանցում՝ 661 հազար 849 դրամ, 20 միլիոն 625 հազար 996 դրամ և 3 միլիոն 607 հազար 366 դրամ։

Բացի այդ, բանկային ավանդների և տրված փոխառությունների դիմաց ստացել է տոկոսային եկամուտներ։ Մասնավորապես՝ ABN AMRO բանկից՝ 224 հազար 665 դրամ 87 լումա, Հայէկոնոմբանկից՝ 40 հազար 333 դրամ, իսկ Ակբա բանկից՝ 25 հազար 171 դրամ։

Այսպիսով, ըստ հայտարարագրի՝ 2025 թվականին նրա եկամուտների հիմնական մասը կազմել են աշխատանքի վարձատրությունն ու ժառանգությամբ ստացված գումարը։

Այսպիսով, Վիկտոր Բիյագովը շուրջ երեք տասնամյակ աշխատել է Հայաստանի դիվանագիտական համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Հատկանշական է, որ նոյեմբերի 23-ին հետ կանչված մյուս դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցիչները ևս երկարամյա աշխատանքային փորձ ունեն դիվանագիտական համակարգում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր