Իսրայելի ոստիկանությունը հայտնել է երկրի հյուսիսային մասում մզկիթի ենթադրյալ հրկիզման առնչությամբ քննության մասին: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրես-ը:

Նշվում է, որ իսրայելցի մի շարք քաղաքական գործիչներ կատարվածը կապել են վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուի կողմնակիցների կողմից ատելության հրահրման հետ։

Հրդեհը բռնկվել է արաբական ալ-Դահի գյուղի մզկիթում՝ Նեթանյահուի և նրա դաշինքի քաղաքական գործիչների՝ Իսրայելի արաբ փոքրամասնության հասցեին բազմիցս հնչեցրած կոշտ հայտարարությունների հետնապատկերին։ Այդ փոքրամասնությունը հոկտեմբերին անցկացված ընտրություններում աննախադեպ հաջողությունների էր հասել։

Ինչպես հայտնել են Ոստիկանությունից՝ քննություն է սկսվել ալ-Դահի գյուղի մզկիթի ստորին հարկի տարածքի ենթադրյալ հրկիզման, ինչպես նաև մոտակա փողոցում գրաֆիտի գրությունների փաստերի առնչությամբ։

Գերատեսչությունում ընդգծել են նաև, որ լրջորեն են վերաբերվում կրոնական խորհրդանիշները պղծելու ցանկացած փորձի և մտադիր են վճռականորեն հետամուտ լինել կասկածյալներին պատասխանատվության ենթարկելուն։

Նշվում է նաև, որ ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Յաիր Լապիդը հրկիզումն անվանել է «ատելության հողի վրա կատարված հրեշավոր հանցագործություն» և հայտարարել, որ նման գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն ո՛չ հուդայականության, ո՛չ էլ Իսրայելի հետ։ Նա նաև կոչ է արել դադարեցնել երկրի արաբ քաղաքացիների նկատմամբ ատելության հրահրումը՝ մատնանշելով Նեթանյահուի աջակողմյան ճամբարը։

Իր հերթին ձախակողմյան «Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Յաիր Գոլանը միջադեպը բնութագրել է որպես «հրեական ահաբեկչություն»։ Նրա գնահատմամբ՝ հարձակումը հետևանք է ատելության հրահրման այն արշավի, որը Նեթանյահուն և նրա կառավարությունը վարում են Իսրայելի արաբ քաղաքացիների դեմ։

Հինգշաբթի ալ-Դահի գյուղ է այցելել հիմնականում արաբական քաղաքական ուժերից կազմված «Միացյալ ցուցակ» դաշինքի ղեկավար Յուսեֆ Ջաբարինը։ Նա կատարվածի պատասխանատվությունը դրել է Նեթանյահուի, նրա կառավարության և նրանց աջակցող արմատականների վրա՝ մեղադրելով նրանց նրանում, որ վտանգավոր հռետորաբանությունը վերածվում է արաբ բնակչության դեմ հարձակումների։