Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանն ընդգծում է՝ իշխանության հրահանգով հետապնդման ենթարկվող Բագրատ Սրբազանի իրական, գաղափարական ազատությունը չեն կարող կալանքով կաշկանդել։
Հիշեցնենք՝ այսօր Սրբազանի տնային կալանքի ժամկետը հերթական անգամ երկարաձգեցին։ Այս առնչությամբ Գառնիկ Դանիելյանը նշել է․
«Թող հազար տարի էլ ինձ ազատազրկեն, եթե դա է մեր երկրի ազատագրության գինը»։
Այս խոսքերով այսօր դատարանում հանդես եկավ Բագրատ Սրբազանը։
Դատարանը որոշեց ևս 3 ամսով երկարաձգել նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցը՝ տնային կալանքը։ Ցավոք, նման որոշումը սպասելի էր բոլորիս համար:
Մեր երկրում դատական և, ընդհանրապես, իրավապահ համակարգը վաղուց արդեն գտնվում է իշխանության քաղաքական ազդեցության տակ: Այս շինծու գործի շրջանակներում, որի վերաբերյալ, ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է ապացույցների բացակայության մասին, շարունակում են կիրառվել ազատությունը սահմանափակող միջոցներ։
Բայց կա մի հանգամանք, որն ակներև է բոլորի համար. անգամ տնային կալանքի պայմաններում Բագրատ Սրբազանը շարունակում է համախմբել մարդկանց մեկ գաղափարի, մեկ օրակարգի և մեկ նպատակի շուրջ։
Նրա յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր խոսք վկայում է, որ ֆիզիկական սահմանափակումները չեն կարող կաշկանդել իրական, գաղափարական ազատությունը:
Այսօր դատարանում նա վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ։ Ավելին՝ հայտարարեց, որ որևէ ակնկալիք չունի երկրային դատարանից և երկրային դատավորներից, իսկ իր միջնորդության հարցի քննարկումն անգամ իր համար ամոթալի է։
Բագրատ Սրբազանը չի հրաժարվում իր համոզմունքներից, չի նահանջում և շարունակում է մնալ իր գաղափարներին հավատարիմ:
Մեծ պատիվ է ինձ համար լինել մերօրյա բացառիկ հոգևորականներից մեկի մտերիմը:
Այս երկրում արդարություն լինելու է։ Եվ նրանք, ովքեր տարիներ շարունակ մարդկանց քաղաքական հայացքների և հայրենասիրության համար հալածել են, սահմանափակել նրանց ազատությունն ու ոտնահարել իրավունքները, ի վերջո պատասխան են տալու իրենց գործողությունների համար։ Ոչինչ հավերժ չէ, և ոչ ոք անպատիժ չի մնալու։
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։
Ազատությո՛ւն Բաքվում պահվող հայ գերիներին»։