00:00:00

Դատարանն արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայությունը, Գոռ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքն անհիմն էր

19:15, 17 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Փաստաբան Գայանե Պապոյանը հայտնել է՝ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, ոչ մի առնչություն չունի «Հրաշք այգի» ռեստորանում տեղի ունեցած դեպքի հետ, նրան անհիմն մեղադրանք էր առաջադրվել։

Փաստաբանը, մասնավորապես, նշել է․

 «Սույն թվականի սեպտեմբերին «Հրաշք այգի» ռեստորանում տեղի ունեցած դեպքի առթիվ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդման շրջանակներում քննիչը դատարան էր ներկայացրել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։

Այդ օրերին բազմաթիվ լրատվամիջոցներ շտապեցին տարածել տեղեկություններ վերջինիս կալանավորման և դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ, մինչդեռ դատարանը, մասնակի բավարարելով քննիչի միջնորդությունը, կիրառել էր տնային կալանք՝ միաժամանակ արձանագրելով, որ հիմնավոր կասկածը հետագա ամրապնդման կարիք ունի։

Այդ ժամանակ, որպես վերջինիս պաշտպան, նպատակահարմար չէի համարել հրապարակային հայտարարությամբ հանդես գալ՝ նախընտրելով պաշտպանության փաստարկները ներկայացնել բացառապես իրավական հարթությունում։

Այսօր դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, մերժել է քննիչի՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։

Այլևս դատական ակտով արձանագրվեց այն, ինչ ի սկզբանե պնդում էր պաշտպանությունը՝ Գոռ Համբարձումյանը որևէ առնչություն չունի դեպքին։ Պարզապես հերթական անհիմն և իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքն էր, որը փորձեցին որոշ շրջանակներ շահարկել, սակայն այդ ամենը շատ կարճ տևեց»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր