Երեկ՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գավառ խոշորացված համայնքի Բերդկունք բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Hongqi» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակոյր Սարիբեկյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկները։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։