Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովի խոսքով՝ նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին. հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
«Վստահ եմ, որ որոշ փաստաթղթերի, որոնք ամբողջությամբ գաղտնի բնույթ են կրում, հասանելիությունը կսահմանափակվի»,-«Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում ասել է նախարարը։
Նա կասկած է հայտնել, թե արդյո՞ք անհրաժեշտ է «նման կեղծ դաշնակցին» լիարժեք հասանելիություն տրամադրել խիստ գաղտնի փաստաթղթերին։
Նախարարը պարզաբանել է, որ տեսականորեն գաղտնի տեղեկատվությունը կարող է օգտագործվել այն երկրների շահերին ոչ ձեռնտու նպատակներով, որոնք իրականում ցանկանում են զարգացնել այս ինտեգրացիոն միավորումը՝ համերաշխության և համախմբվածության սկզբունքներով։
Ռիժենկովն ընդգծել է, որ Հայաստանի՝ ինտեգրացիոն կառույցներին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին մասնակցության նկատմամբ վերաբերմունքը փոխել է ոչ թե ժողովուրդը, այլ երկրի բարձրագույն ղեկավարությունը։
Նա Հայաստանի մասնակցությունն անվանել է «պասիվ»՝ նշելով, որ երկիրը այդ միավորումներից օգտվում է միայն այն հարցերում, որոնք իրեն ձեռնտու են։
Ավելի վաղ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում էին ընդունել զրկել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու հնարավորությունից։