Օրեր առաջ խոսել էի Տիգրանաշենի մասին՝ նշելով, որ գյուղի՝ Հայաստանին պատկանելությունն ակնհայտ է ոչ միայն հայկական փաստաթղթերով, այլ նաև միջազգային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Բոլորիս հայտնի է, որ Տիգրանաշենով է անցնում Մ2 միջպետական ճանապարհը: Եվ ահա Ասիական զարգացման բանկի (ADB) կողմից հաստատված «Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով» նախատեսված նոր ճանապարհը ներառում է Տիգրանաշենով անցնող հատվածը։
Ասիական զարգացման բանկը, 2019 թ․ պայմանագրում կատարված փոփոխությունների շրջանակներում, որպես պայմանագրի մաս հաստատել է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհը ներառող Հայաստանի քարտեզը, որտեղ որևէ անկլավ գոյություն չունի, իսկ Տրանշ 3-ը անցնում է Տիգրանաշենով։
Իսկ գիտե՞ք, թե ովքեր են Ասիական զարգացման բանկի բաժնետերերը։ Բանկի բաժնետերեր են հանդիսանում աշխարհի 69 երկրներ, որոնց թվում են՝ ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան, Թուրքիան, Իսրայելը։ Բանկի բաժնետերեր են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։
Նման փաստերը հերթական անգամ ակնհայտ են դարձնում, որ Տիգրանաշենի՝ Հայաստանին պատկանելության վերաբերյալ կասկածներն անհիմն են»,-գրել է նա։
