Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացրել ևս երկու ամսով։
Ծառուկյանը կալանավորվել էր 2026 թվականի հուլիսի 7-ին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը երկու ամսով կալանք էր կիրառել։
Սեպտեմբերի 3-ին դատարանը դռնփակ նիստում քննարկել էր Ծառուկյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը։ Դատարանի որոշումը հրապարակվել է սեպտեմբերի 4-ին։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Հետագայում մեղադրանքներին ավելացվել է նաև հարկերից խուսափելու դրվագը։
Ծառուկյանի կալանավորումից առաջ իրավապահները խուզարկություններ էին իրականացրել նրա առանձնատանը, ինչպես նաև նրան և նրա ընտանիքին առնչվող բազմաթիվ ընկերություններում ու այլ տարածքներում։
Գործարարի պաշտպանական կողմը նախկինում հերքել է առաջադրված մեղադրանքների հիմնավորվածությունը և վիճարկել դատարանի որոշումները։