«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզպետի պաշտոնը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» համար իսկական «պատուհաս» է դարձել։ Նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը վերցրել է պատգամավորական մանդատն ու տեղափոխվել Ազգային ժողով, իսկ մարզպետի աթոռը շարունակում է թափուր մնալ։ Հավակնորդների պակաս չկա, սակայն Նիկոլ Փաշինյանը, իշխանական աղբյուրների փոխանցմամբ, դեռ չի գտնում այնպիսի թեկնածուի, որը թիմի համար ընդունելի կլինի և, միաժամանակ, կկարողանա վերահսկել քաղաքականապես բարդ համարվող մարզը։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ամենահավանական թեկնածուն համարվող ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վերջնականապես հրաժարվել է մարզպետի պաշտոնից։ Թիմակիցների հետ զրույցներում նա բացատրել է, որ առաջիկայում Կոտայքի մի շարք համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունների պայմաններում չի ցանկանում ստանձնել մարզի քաղաքական պատասխանատվությունը և չի կարողանալու «գլուխ հանել» այդ գործընթացներից։
Իշխանության համար խնդիրը հատկապես զգայուն է նաև այն պատճառով, որ Կոտայքում շարունակում է զգալի մնալ կալանավորված գործարար, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը։ ՔՊ-ում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, լուրջ քննարկում են, որ մարզպետի պաշտոնում պարզապես վարչարար չէ անհրաժեշտ․ պետք է քաղաքականապես ազդեցիկ և կազմակերպչական ռեսուրս ունեցող պաշտոնյա, որը կկարողանա առաջիկա ընտրություններից առաջ «մարզը բռի մեջ հավաքել»։
Իրավիճակը բարդացնում են նաև ներթիմային խնդիրները։ Մասնավորապես, Գառնիից երիտասարդ թեկնածուներ են ինքնաառաջադրվել, որոնց առաջադրումները ՔՊ ղեկավար կազմի սրտով չեն։ Քննարկվել է նաև փոխնախարար Առնակ Ավետիսյանի թեկնածությունը, սակայն իշխող թիմում նրան բավարար ուժեղ և ազդեցիկ թեկնածու չեն համարում։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կոտայքի մարզպետի հարցը նախատեսվում էր քննարկել ՔՊ վարչության նախորդ շաբաթվա նիստում, սակայն հարցը վերջին պահին հանվել էր օրակարգից՝ վերջնական թեկնածուի բացակայության պատճառով։
Այսպիսով, ռազմավարական նշանակություն ունեցող Կոտայքի մարզում ՔՊ-ն առայժմ կանգնել է կադրային փակուղու առաջ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։