00:00:00

ՀՀ-ն շարունակում է նպաստել միջուկային փորձարկումների համաշխարհային մշտադիտարկման համակարգին. ՆԳՆ

20:39, 10 օգոստոս 2026 Քաղաքականություն

Օգոստոսի 3-ից 7-ը Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային աշխատաժողովը՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում համախմբելով 11 երկրների 27 մասնագետի։

«Աշխատաժողովը կազմակերպված էր սիմուլյացիոն վարժանքի ձևաչափով. տեղի էր ունեցել իրադարձություն և անհրաժեշտ էր պարզել այն սեյսմիկ իրադարձություն էր, թե ոչ, ինչն աշխատաժողովի ամենակարևոր և բովանդակային մասն էր»,- նշել է ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։

Մասնակիցները իրականությանը մոտարկված պայմաններում մշակել և վերլուծել են տարբեր դիտակայաններից ստացված սեյսմիկ տվյալներ։

«Շնորհակալ ենք ՀՀ Կառավարությանը և պատասխանատու կառույցներին՝ Գառնիում աշխատաժողովի անցկացմանն աջակցելու համար։ Հայաստանի կառավարության հանձնառության վկայությունն էր նաև աշխատաժողովի բացման արարողությանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությունը, ինչպես նաև Հայաստանի Կառավարության աջակցությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի նպատակներին»,- ընդգծել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության Միջազգային տվյալների կենտրոնի կարողությունների զարգացման և վերապատրաստման բաժնի պատասխանատու Յասին Շաարին։

Հայաստանի և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 1996 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 2006 թվականի հուլիսի 12-ին վավերացրել այն՝ դառնալով միջազգային այդ հանձնառությունը ստանձնած 133-րդ պետությունը։

Այսօր Գառնիի «AS03» հավաստագրված օժանդակ սեյսմիկ կայանը Միջազգային մշտադիտարկման համակարգի մաս է և տարածաշրջանային աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու ընտրությունը պատահական չէր։

Յասին Շաարիի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանային աշխատաժողովը հյուրընկալելու համար համապատասխան երկիր էր՝ հաշվի առնելով Կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունը։ Հայաստանի Ազգային տվյալների կենտրոնն ունի աշխատաժողովի հաջող ընթացքն ապահովելուն անհրաժեշտ փորձառություն, գործիքակազմ և մասնագիտական կարողություններ։

«Որպես սեյսմոլոգիայով ավելի քան 25 տարի զբաղվող ինժեներ՝ ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել ձեր կայանը։ Կայանը գերազանց վիճակում է։ Այստեղ աշխատող մարդիկ իրենց գործն անում են սիրով և բարձր պատրաստվածությամբ»,- նշել է CTBTO աշխատաժողովի մասնակից Պավել Մարտիսևիչը։

Թեև աշխատաժողովի մասնակիցները ներկայացնում էին տարբեր երկրներ, սակայն խոսում էին մասնագիտական նույն լեզվով։ Համատեղ աշխատանքը լայն հնարավորություն էր մոտեցումները համադրելու, նաև համագործակցությունն ընդլայնելու համար։

«Ես լավագույն տպավորություններ ստացա։ Ինձ նաև զարմացրին սեմինարի նախապատրաստական աշխատանքներում ներդրված ջանքերը, որոնք հայկական կողմն արել էր, որ բոլոր մասնակիցները իրենց հարմարավետ զգան»,- ընդգծել է Բելառուսի երկրաֆիզիկական մշտադիտարկման կենտրոնի ներկայացուցիչը։

«Մենք հասել ենք աշխատաժողովի առջև դրված նպատակներին։ Մասնակիցները սովորեցին ոչ միայն կազմակերպության աշխատակիցներից, այլև միմյանցից՝ ծանոթանալով տարբեր գործիքակազմերի։ Այժմ մասնակիցները կարող են բնութագրել իրադարձությունը, որոշել պարամետրերը և գիտական գնահատականները վերածել իրենց կառավարություններին ու համապատասխան կառույցներին ներկայացվող գործնական խորհրդատվության»,- նշել է Միջազգային տվյալների կենտրոնի կարողությունների զարգացման և վերապատրաստման բաժնի պատասխանատու Յասին Շաարին։

Աշխատաժողովը վերահաստատեց՝ համաշխարհային մշտադիտարկման համակարգում ճշգրիտ տվյալը նույնքան կարևոր է, որքան այն ճիշտ գնահատող մասնագիտական համագործակցությունը։ Հայաստանը պատրաստ է գիտատեխնիկական ներուժով և պատասխանատու հանձնառությամբ շարունակելու նպաստել այդ համակարգի արդյունավետ գործունեությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր