Հրապարակվել է հատված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից․
«Է. ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ
ԱՄՓՈՓՈՒՄ
Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով, լծակներով, եղանակներով մշտապես մեծարել և պանծացնել իր հերոսների, նահատակների անունն ու պատիվը թե՛ անհատական, և թե՛ հավաքական իմաստով` որպես այն փաղանգը, որի արյան գինն է պետության գոյությունը:
«Տիրոջ աչքին պատվական է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:6), ինչպես Գիրքն է ասում: Իսկ ո՞րն է այսօրվա կառավարիչների վերաբերմունքը. մեկ բառով` անարգանք: Անարգանք մեր նահատակների և նրանց ընտանիքների հանդեպ, «հպարտությամբ» հանձնված Արցախ-Հայրենիք, գերեզմաններ, սրբավայրեր, մի ողջ ժառանգություն, հայրենազրկված հայրենակիցներ, ամեն կերպ մոռացության մատնվող հերոսներ, նահատակ-հերոսների ծեծվող և հայհոյվող ծնողներ, պարկերի մեջ նետված նահատակների մասունքներ, անհայտության մեջ գտնվող հերոս զավակների անմխիթար և նվաստացվող ծնողներ և ընտանիքներ և այլն, և այլն: Որքան էլ դաժան է, ցավոք, սա է իրականությունը, որը «նախատինք է և մի նոր անեծք» (Սիրաք 20:23):
Այսու, պետությունը կոչված է.
ա) Ամեն կերպ հանրահռչակել իր հերոս զավակների անունն ու սխրանքները,
բ) Անվանակոչել դպրոցներ, մանկապարտեզներ, փողոցներ, այգիներ, հրապարակներ նրանց անուններով,
գ) Հատուկ միջոցառումներով ներկայացնել թե՛ նահատակ հերոսներին, և թե՛ պատերազմով անցած բոլոր անձանց,
դ) Բանախոսություն-դասախոսություններ կազմակերպել թե՛ նրանց մասին, և թե՛ նրանց մասնակցությամբ,
ե) Մամուլի և ԶԼ միջոցներով մշտապես ներկայացնել նրանց կերպարները` հատկապես նշելով ծննդյան և նահատակության տարեդարձները,
զ) Նրանց մասին պատրաստել հատուկ գեղարվեստական, փաստավավերագրական ֆիլմեր, սերիալներ և այլն,
է) Հրատարակել գրքեր, բրոշյուրներ, զանազան հրապարակումներ նրանց մասին,
ը) Հատուկ պետական գնահատանք և վերաբերմունք ցուցաբերել նահատակների ընտանիքների նկատմամբ` «Հայրենիքի Հայր և Հայրենիքի Մայր», «Հայրենիքի Զավակ» կոչումներ շնորհել նրանց ծնողներին, այրի կանանց և զավակներին,
թ) Նրանց ապրած թաղամասում, փողոցում, գյուղում, քաղաքում նահատակների տները նշել առանձնահատուկ կերպով թե՛ իրենց բարեկարգությամբ, և թե՛ հատուկ ցուցանակ-տարբերանշանով` անպայման Եռագույնի ներքո,
ժ) Նահատակ հերոսների ընտանիքներին հատուկ պետական հիմնադրամով դրամական բարձր զորակցություն սահմանել,
ժա) Կառավարության ներքո ստեղծել հատուկ հիմնադրամ-բաժին, որը կզբաղվի միայն նահատակ հերոսների ընտանիքների և վիրավորում ստացած հերոսների սոցիալական, աշխատանքային խնդիրներով, նրանք պետք է բացարձակ խնդիր չունենան ոչ մեկ առումով,
ժբ) Հատուկ արտոնություններ շնորհել նահատակ-հերոսների ընտանիքներին` ծնողներ-զավակներ, բոլոր ոլորտներում,
ժգ) Անվճար բժշկական ծառայություններ և անվճար կրթության հնարավորություն նահատակ-հերոսների ընտանիքների և պատերազմի, մարտական գործողությունների մասնակցած անձանց համար,
ժդ) Ստեղծել հատուկ խնամքի և աջակցության կենտրոններ ընտանիքների համար ամեն միջոցներով` տարածելով այն գաղափարը, որ նահատակ-հերոսները ոչ թե սոսկ այդ հերոսածին ընտանիքի զավակներն են, այլ նրանք պատկանում են ողջ ազգին, պետությանը, հասարակությանը,
ժե) Եռաբլուրը, մեր նահատակների, հերոսների պանթեոնները և շիրիմները վերածել սխրանքի, հերոսության, ներշնչումի ուխտավայրերի և սրբավայրերի, և երբեք թույլ չտալ, որ որևէ կերպով նրանք գերեզմանի ընկալում ունենան մարդկանց մտածողության մեջ:
ժե) Քննել հնարավորությունը և սրբադասման ներկայացնել «Վասն Հիսուսի և վասն Հայրենյաց» պաշտպանության համար նահատակության փառք ու պսակն ստացած հերոսներին` թե՛ անհատական և թե՛ հավաքական առումով:
Անքննարկելիորեն, մեր նահատակների կյանքը և սխրանքը մեր ներքին կյանքի սրբագործման և զորացման էությունն է, ավիշը, կենսատու սիրտը և վկայությունն է «Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. 2:9) լինելու, որը մեզ հրավիրում է հավաքական սխրանքի, քննելու մեր անցյալի դասերն ու պատահարները, գնահատելու ներկան ու մեր ժամանակի նշանները: Այն կոչում է մեզ հոգևոր խորը գիտակցությամբ այս հրավերի շուրջ ձևավորելու մեր հավաքական, հանրային մտածողությունը, պետական, ազգային ռազմավարությունն ու քաղաքականությունը, հոգևոր և ֆիզիկական անվտանգությունը, ապահովությունը և պաշտպանվածությունը, մեր արդար դատի պահանջատիրությունը, համազգային անվտանգության հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, և վերջապես, սերունդների դաստիարակությունն ու կրթությունը` մեր` առանձնաշնորհյալ լինելու բարձրագույն պատվին համապատասխան, որովհետև «Տերն Ինքն ընտրեց մեզ» (Հովհ. 15:16):
Եվ այո՛, «Աստված կհատուցի յուրաքանչյուրին նրա գործերի համաձայն. հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով` փառք, պատիվ և անմահություն են փնտրում, իսկ բարկություն և զայրույթ նրանց, ովքեր հակառակությունից տարված, ճշմարտության դեմ ապստամբ և անիրավության հետևից գնացող են» (Հռոմ. 2:6-8):
Բագրատ արք. Գալստանյան»։