00:00:00

«Այս իրավիճակը խաթարում է մեր Եկեղեցու բնականոն գործունեությունը»․ Երեք եպիսկոպոսներ հայտարարությամբ են հանդես եկել

21:23, 06 օգոստոս 2026 Հասարակություն

Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի, Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի հայտարարությունը․   

«Մենք` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ եպիսկոպոսներս, խոր մտահոգությամբ տեղեկացանք, որ 2026 թվականի օգոստոսի 7-ին նախատեսված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթի դատական քննությունը։

Այս դատավարությունը, մեր համոզմամբ, ոչ միայն ցավ և մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետևորդների շրջանում, այլև լուրջ հարցադրումներ կարող է առաջացնել բոլոր նրանց շրջանում, ովքեր կարևորում են կրոնական ազատությունը, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները։

Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է և շարունակում է մնալ հայ ժողովրդի հոգևոր ու ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից մեկը։ Մեր Եկեղեցին, ի գլուխ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իր առաքելությունն իրականացրել և իրականացնում է ժողովրդի ու պետության բարօրությանը ծառայելու բարձր գիտակցությամբ։ Այդ իսկ պատճառով Եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանության նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց պետք է լինի առավելագույնս զգուշավոր, բացառիկ հիմնավորված և լիովին համապատասխանի ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այնպես էլ միջազգային իրավունքի չափանիշներին։

Մինչդեռ ներկա իրավիճակը լուրջ հարցադրումներ է առաջացնում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խղճի և կրոնի ազատության, պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներքին ինքնավարության և նրա առաջնորդի իրավասություններին առնչվող հիմնարար սկզբունքների պահպանման առնչությամբ։ Այս իրավիճակը խաթարում է մեր Եկեղեցու բնականոն գործունեությունը։

Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին պետություն-եկեղեցի հարաբերություններում ձևավորվել են լարվածություն, փոխադարձ անվստահություն և առաջացել բազմաթիվ այլ խնդիրներ։ Մենք համոզված ենք, որ նման բարդ ու զգայուն հարցերը չեն կարող ստանալ իրենց արդար ու կայուն լուծումը իրավական ճնշումների, քրեական հետապնդումների, սուր առճակատման կամ Եկեղեցու ներքին կյանքին միջամտության միջոցով։ Նման գործընթացները վտանգում են հասարակության ներքին համերաշխությունը, խորացնում պառակտումը և կարող են վնասել պետության ժողովրդավարական հեղինակությանը, ինչպես նաև Հայաստանի միջազգային վարկանիշին՝ որպես մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունները հարգող պետության։

Մենք վստահ ենք, որ իշխանության և եկեղեցու միջև առկա բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն սահմանադրական սկզբունքների պահպանման և օրենքի գերակայության, փոխադարձ հարգանքի, ինչպես նաև առողջ ու կառուցողական երկխոսության ճանապարհով։

Հետևաբար կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով՝ ձեռնպահ մնալով այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել հասարակական բաժանումները կամ վտանգել երկրի հոգևոր ու հասարակական կայունությունը։

Միաժամանակ դիմում ենք մեր քույր եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կառույցներին՝ ուշադրությամբ հետևելու ընթացող զարգացումներին և իրենց աղոթքով ու բարոյական աջակցությամբ նպաստելու առողջ երկխոսության ու փոխըմբռնման ձևավորմանը։

Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված իմաստություն ու խոհեմություն պարգևի բոլոր պատասխանատուներին, որպեսզի ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարվի բարվոք ճանապարհով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ներկայի ու ապագայի։

6 օգոստոսի 2026

Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան (Դամասկոս, Սիրիա)

Սերովբե եպիսկոպոս Իսախանյան (Քյոլն, Գերմանիա)

Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյան (Բաղդադ, Իրաք)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր