Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի անդամ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասսիսի միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այդ մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է X սոցիալական ցանցում։
Նախարարները քննարկել են Ադրբեջանի և Շվեյցարիայի երկկողմ օրակարգը, Շվեյցարիայի՝ ԵԱՀԿ նախագահության առաջնահերթությունները, Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Կողմերը կարևորել են բարձր մակարդակով շփումների պահպանումը և արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։ Այս համատեքստում նրանք ընդգծել են ընթացիկ տարվա ապրիլին Բաքվում կայացած քաղաքական խորհրդակցությունների վերջին փուլի նշանակությունը և այդ մեխանիզմի կանոնավոր շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը։
Բանակցությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի գործունեությանը։ Ընդգծվել է էներգետիկ ոլորտի դերը՝ որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների հիմնական հենասյուներից մեկի։ Այս կապակցությամբ Շվեյցարիայում SOCAR-ի հաջող գործունեությունը նշվել է որպես փոխշահավետ համագործակցության կարևոր օրինակ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Շվեյցարիայի՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի առաջնահերթություններին։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության ոլորտում իրավիճակի շարունակական բարդացման պայմաններում կազմակերպությունը պետք է լիարժեք օգտագործի իր համապարփակ անվտանգության հայեցակարգը և աշխարհագրական լայն ընդգրկվածությունը՝ պահպանելու իր արդիականությունն ու դերը տարածաշրջանային անվտանգության հարցերի լուծման գործում։ Նա վերահաստատել է Ադրբեջանի աջակցությունը արդյունավետ բազմակողմ համագործակցությանը, որը հիմնված է մասնակից պետությունների ինքնիշխան հավասարության, փոխադարձ հարգանքի, ներառական երկխոսության և կոնսենսուսի սկզբունքների վրա։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Ջեյհուն Բայրամովը գործընկերոջը տեղեկացրել է խաղաղ գործընթացի ընթացիկ փուլի, երկու երկրների միջև փաստացի խաղաղության հաստատման և վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։ Նա ընդգծել է, որ երկկողմ ձևաչափում ձեռք բերված առաջընթացը ևս մեկ անգամ ցույց է տվել այդ մոտեցման արդյունավետությունը։
Խոսելով ԵԱՀԿ-ի հետ համագործակցության մասին՝ Ջեյհուն Բայրամովը վերահաստատել է Ադրբեջանի պատրաստակամությունը շարունակելու կազմակերպության հետ գործնական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն ոլորտներում, որտեղ ԵԱՀԿ-ն ունի համապատասխան փորձ և կարող է հավելյալ արժեք ապահովել։
Ջեյհուն Բայրամովը նաև ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի տարածքների լայնածավալ ականապատվածության և պատերազմի այլ պայթյունավտանգ մնացորդների խնդրի վրա՝ այն բնութագրելով որպես երկրի ամենասուր մարդասիրական խնդիրներից մեկը։ Նա ընդգծել է ԵԱՀԿ-ի գործնական աջակցության և նրա մանդատի շրջանակներում առկա հնարավորությունների կարևորությունը՝ այս խնդրի լուծման համար։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության այլ հարցերի վերաբերյալ։