Հուլիսին գիտնականներն առաջին անգամ հետազոտություն են անցկացրել Արարատ լեռան սառցադաշտում՝ ծովի մակարդակից ավելի քան 5000 մետր բարձրության վրա։ Հետազոտության մասին հաղորդում է Մյունստերի համալսարանը (Գերմանիա)։
Երկու շաբաթվա ընթացքում թիմն ուսումնասիրել է սառցադաշտային դաշտը, որը մինչ այդ պահը հետազոտողների համար մնում էր չուսումնասիրված տարածք։ Նրանց նպատակն էր պարզել՝ արդյոք լեռան սառույցը պահպանո՞ւմ է կլիմայական և մշակութային պատմության եզակի արխիվը։
Խնդիրն այն է, որ այս արխիվն այժմ վտանգի տակ է. գլոբալ տաքացման պատճառով Արարատի սառցե գլխարկը կրճատվում է արագացող տեմպերով, և ամեն ամառ կորչում է այն տեղեկությունը, որը շատ քիչ այլ աղբյուրներ կարող էին տրամադրել։
Սառցե ծածկույթն ուսումնասիրվել է ցամաքային ռադիոլոկացիոն զոնդավորման և ակտիվ սեյսմիկ մեթոդների համադրությամբ։ Այդ մեթոդը հետազոտողներին հնարավորություն է տալիս քարտեզագրել սառույցի հաստությունն ու դրա ենթասառցային հիմքը։
«Չնայած քամուն ու ցրտին՝ մենք ստացանք բոլոր անհրաժեշտ տվյալները։ Այժմ կարող ենք որոշել՝ որտեղ պետք է հորատել ամենաերկար մշտական սառցե միջուկը», - նշել է Ալֆրեդ Վեգեների ինստիտուտի դոկտոր Քոեն Հոֆստեդեն։
Հաջորդ արշավախմբի ընթացքում հետազոտական խումբը նախատեսում է դուրս բերել հենց սառցե միջուկները։
Հաջողության դեպքում դրանք կլինեն գիտնականներին հասանելի առաջին նման նմուշները։
«Դա հնագիտության համար տվյալների բոլորովին նոր աղբյուր է։ Մինչ այժմ մենք ստիպված էինք ապավինել նրան, ինչ գտնվում է հողի մեջ։ Իսկ սառույցը կարող է հազարամյակների ընթացքում՝ շերտ առ շերտ, պահպանել մարդկային գործունեության շարունակական տարեգրությունը»,- հայտարարել է նախագծի ղեկավար, Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգերը։
Սառույցը նաև արժեքավոր տվյալներ է պարունակում գլացիոլոգիայի համար։ Դրա շերտերում պահպանվել են տեղեկություններ անցյալի մթնոլորտների կազմի, փոշու տեղափոխման և ավելի վաղ հրաբխային ժայթքումների հետքերի մասին։ Դա կարող է հետազոտողներին հնարավորություն տալ վերակառուցելու, օրինակ, թե ինչպես են հենց այս տարածաշրջանում զարգացել այնպիսի հայտնի կլիմայական փուլեր, ինչպիսիք են Հռոմեական կլիմայական օպտիմումը կամ ուշ անտիկ ժամանակաշրջանի Փոքր սառցե դարաշրջանը։
Լեռան աշխարհագրական դիրքը գտնվում է աշխարհի ամենակարևոր վաղ քաղաքակրթություններից մի քանիսի զարգացման ուղիների խաչմերուկում։ Մինչդեռ Միջերկրածովյան տարածաշրջանում նմանատիպ հետազոտություններ մինչ այժմ իրականացվել են միայն Ալպերում, Մերձավոր Արևելքը մեծապես մնում է չուսումնասիրված։