Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը գրում է․
«Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն եւ դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել։ Կարճ կասեմ. ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի եւ այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։
Զավեշտն այն է, որ այս ամենը հետեւում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետեւում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում։
Իրավունքը եւ արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես»»։
Հիշեցնենք, որ այսօր՝ Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանին և իրավապահներին ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից պահանջեց զբաղվել ենթադրյալ կոռուպցիոն դրվագով։
«Խոսում էին, թե ՀԷՑ–ի սեփականատերերը արբիտրաժում հաղթել են։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (նկատի ունի Լիպարիտ Դրմեյանին, որը այն ժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն էր–խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։ Դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։ 1 ամսից էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում»,– ասել էր Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, պետք է ստուգվի Դրմեյանի ունեցվածքը, գույքը, եկամուտները, ֆինանսավորումը։ Վերջինիս Փաշինյանն անվանեց նաև «կառավարությունում ընդդիմության շահերը սպասարկող»։