Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն գազատար խողովակի և հաշվիչի կոտրվելու պատճառով սկսվել է գազի արտահոսք։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն դադարեցրել են գազի արտահոսքը և աշխատանքներ են իրականացնում վթարված խողովակը վերականգնելու համար։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գազախողովակին բախվելու ժամանակ տրոլեյբուսում եղել են նաև ուղևորներ, ովքեր ևս չեն տուժել։