00:00:00

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

15:10, 20 հուլիս 2026 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Ս.Ս.-ի կողմից Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

 Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը: 

Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը կորցրել է հանրապետական նշանակության պատմամշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքը և այն չի ընդգրկվել 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման կից հավելվածներում։

Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր