Ամերիաբանկը կազմակերպել էր ամփոփիչ միջոցառում «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթող ուսանողների համար: Հանդիպման նպատակն էր ամփոփել մրցույթի արդյունքները, ինչպես նաև նպաստել նոր կապերի հաստատման, գաղափարների զարգացման ու փորձի փոխանակման յուրօրինակ հարթակի ստեղծմանը։
Միջոցառմանը մասնակցում էին նախորդ և այս տարվա հաղթող ուսանողները, ՀՀ առաջատար բուհերի ու Ամերիաբանկի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող խոսնակներ։
Հիշեցնենք, որ «Իմ Հայաստան, իմ ապագա» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում անցկացված մրցույթի արդյունքներով՝ 200 ուսանող 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ։
«Ամերիան 2018 թվականից շարունակաբար համագործակցում է բուհերի հետ, և ուսանողները մեզ համար ամենակարևոր, ամենահետաքրքիր խմբերից մեկն են: Ուրախ եմ, որ այսօր նրանց հետ շփման ևս մեկ յուրահատուկ հնարավորություն ունենք»,- նշել է Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը։
Հանդիպման առանցքում «Ա կետն» էր՝ այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր հնարավորություններն ու կարևոր որոշումները։ Միջոցառման ընթացքում ուսանողները մասնակցեցին պանելային քննարկման, ինտերակտիվ խաղերի և լսեցին հաջողության պատմություններ։
«Նման նախաձեռնությունները շատ կարևոր են ուսանողների կարիերայի աճի և ապագա մասնագիտական ընտրության տեսանկյունից, քանի որ այստեղ իրենք հնարավորություն են ունենում ավելի լավ կողմնորոշվելու իրենց մասնագիտական ընտրության մեջ և թե ապագայում որ ուղղությամբ և ինչ տարբերակներով առաջ կգնան»,- նշել է պանելային քննարկման մասնակիցներից Renderforest ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը։
Խոսնակների թվում էին նաև Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը և «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր ու տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։
«Պանելային քննարկումը ուղղակի մի ֆենոմենալ երևույթ էր ինձ համար՝ այնքան նոր մտքեր, նոր գաղափարներ, նոր խորհուրդներ, որ ցանկացած ուսանողին պետք են»,- ասել է միջոցառման մասնակից ուսանող Դավիթ Վանյանը,-«Ես իրականում այսօրվանից շատ մեծ սպասելիքներ ունեի, բայց այս օրն ամբողջովին գերազանցեց դրանք»։
Նման նախաձեռնությունների կարևորությունն ընդգծեց նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչը․ «Պոլիտեխնիկական համալսարանը միանշանակ շատ է կարևորում այն գործատուներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի կարողանան հենց թիրախային ուսանողներին տրամադրել հարթակներ, որոնց միջոցով ուսանողները կկարողանան ինքնադրսևորվել, ինքնարտահայտվել»։