Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում մեկնարկել է ամառային զորակոչը։
Նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ստեփան Հակոբյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Միջոցառման ընթացքում ներկաները հանդես են եկել զորակոչիկներին ուղղված քաջալերանքի և օրհնության խոսքերով։
Մարզպետ Կարեն Սարգսյանը, շնորհավորելով տղաներին հայրենիքի պաշտպանի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ, նշել է, որ նրանք անցնում են ամենահայրենանվեր գործին, և հենց ծառայության ընթացքում են լիարժեքորեն հասկանալու, թե ինչ է հայրենիքի պաշտպանությունը: Դիմելով ապագա զինվորներին՝ մարզպետը հորդորեց. «Ունեմ խնդրանք, ունեմ հորդոր. որ անպայման լինեք ձեր զինծառայող ընկերների նկատմամբ հոգատար, անվերապահորեն կատարեք ձեր հրամանատարների հրամանները, որովհետև դուք այդպերպ կկարողանաք լինել անփորձանք, անվնաս և առողջ հետ վերադառնալ ձեր ընտանիքները»: Նա հավելել է, որ տանն ու դպրոցում ստացած գիտելիքները զորամասերում ճիշտ օգտագործելով՝ տղաները պատիվ կբերեն թե՛ իրենց ընտանիքներին ու դպրոցներին, և թե՛ իրենց մարզին ու շրջանին՝ մաղթելով բոլորին խաղաղ ու անփորձանք ծառայություն:
Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը նույնպես շնորհավորել է երիտասարդներին նոր կարգավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ երկրին ու հայոց բանակին ծառայելը մեծագույն պատիվ է, որի կարևորությունը տղաները դեռ կզգան ու հպարտությամբ կհիշեն հետագայում:
Նա շեշտել է. «Առավել ևս հիմա, երբ ունենք խաղաղություն և ամուր սահմաններ, ծառայությունը ձեր համար ամենամեծ փառք ու պատիվն է»: Համայնքի ղեկավարը տղաներին մաղթեց բարի ճանապարհ և հաջողություն:
Գնդապետ Արմեն Մնացականյանը հորդորել է զորակոչիկներին ծառայել պատվով ու բարձր պատասխանատվությամբ, քանի որ սահմանն ամուր պահելով՝ նրանք պաշտպանում են իրենց ընտանիքներն ու ժողովրդին: Նա պատվիրել է լինել միասնական, քայլել թև-թևի տված և միշտ լսել հրամանատարների ու ավագ ընկերների խորհուրդները: Զինկոմը հատուկ դիմել է նաև ծնողներին՝ խնդրելով անտեղի չանհանգստանալ և վստահեցրեց, որ ցանկացած խնդրի դեպքում անձամբ պատրաստ է աջակցել բոլորին:
Տեր Գևորգ քահանան տղաներին հիշեցրել է, որ տանը նրանց միշտ սպասում են մայրերը: Նա յուրաքանչյուրին փոխանցել է «Զինվորի Ավետարանը»՝ հոգևոր մեծ աղաչանքով պատվիրելով այն անպայման ընթերցել ծառայության ընթացքում, իսկ ավարտելիս նվիրել նորեկ զինվորներին: Խոսքի վերջում հոգևոր հայրը միասնական պահպանիչ աղոթք է բարձրացրել առ Աստված՝ հայցելով Սուրբ Խաչի հովանին և անփորձանք ծառայություն հայոց բանակի զինվորների համար:
Ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում կավարտվի 2026 թվականի օգոստոսի 15-ին։