Չկա որևէ պնդում, որ կա ուղղորդում, որ ուղղորդել են զինվորականներն՝ քվեարկել ԲՀԿ-ի օգտին, չկա որևէ հիմք՝ ենթադրելու, որ զինվորներին ուղղորդել են քվեարկել ԲՀԿ-ին։ Թերացման պատճառն ունի երկու մեղավոր՝ ՔՊ-ն ԿԸՀ-ն, որը չի ապահովել զինվորականների քվեարկելու իրավունքը, երբ դիտարկում էր ընտրատեղամասերի կառուցվածքը, որ քանի քվեարկող պետք է լինի։ Այս մասին ՍԴ-ում հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի հարցին՝ կապված ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելուն, ինչի հետևանքով ԲՀԿ-ն զրկվում է ԱԺ մուտք գրծելուց։
Օրբելյանն ընդգծեց, որ գումարային 17 տոկոսի շեղում կա այժմ, եթե ԲՀԿ-ն անցներ Խորհրդարան՝ շեղումը 11-12 տոկոս է լինում, ուստի, ԿԸՀ-ն պարտավոր էր ապահովել, որ մարդկանց ընտրելու և ԲՀԿ-ի՝ ընտրվելու իրավունքը չխաթարվեր։
Անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հետապնդումներին և այդ գործընթացի հավասարության խնդրին՝ Օրբելյանը նշեց, որ ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ հանցագործություն են իրականացրել։ Այս հայտարարությունը վրդովվեցրեց Սեդա Սաֆարյանին, պնդեց՝ չեն կարող այդտեղ վիրավորել նրանց։
«Տիկին Սաֆարյան, Դուք չեք կարող ինձ սահմանափակել»,- ասաց Օրբելյանը, ինչին հաջորդեց ՍԴ նախագահի դիտարկումը՝ զերծ մնալ որակումներից։
«Կատարել է պարսավելի արարք, չեմ որակում հանցագործություն։ Այստեղ որակումով չէ միայն, ես երբեք որակումով չեմ սահմանափակվում, պարզաբանում եմ՝ կուսակցություններից մեկի առաջնորդը միտինգի ժամանակ հայտարարել է՝ վաղը հաղորդում է ներկայացվելու, պետական գաղտնիք է վաճառել, տրվել է հաղորդում՝ այդ մարդուն ուղղակի ենթակա կառույցի կողմից առ այն, որ Անդրանիկ Թևանյանը վաճառել է պետական գաղտնիք որոշակի գումարով, ՔԿ-ն հրապարակել է, բայց մեղադրանք առաջադրելուց դա չի առաջադրել, առաջադրել է, որ եղել է այլ տեղեկության փոխանցում, բայց ամեն տեղ խոսվել է, որ պետական գաղտնիք է փոխանցվել»․- ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ իրենց ստիպում են թուղթ ստորագրել, որ պետական գաղտնիք է պարունակում, սահմանափակվում խոսքը, միևնույն ժամանակ, ՔԿ կայքում շարունակում է մնալ հաղորդագրությունը։ Օրբելյանն ընդգծեց, որ Թևանյանը Երևան քաղաքի պատասխանատուն էր, եթե այդ ամենը չլիներ, ապա ԲՀԿ-ն 10 հազարից ավել ձայն կունենար։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին 7 դիմում է մուտքագրվել ՍԴ՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ՍԴ են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է, սակայն մի շարք ուժեր ներկայացրել են նաև լրացուցիչ պահանջներ։ Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ որպես այլընտրանքային պահանջ՝ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչները հայտարարել էին, որ իրենց կարծիքով առկա են բավարար հիմքեր ընտրությունների արդյունքները վերանայելու համար։ «Հայաստան» դաշինքը ևս վիճարկում է ԿԸՀ որոշումը՝ ներկայացնելով մեկ պահանջ՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները. պնդում են՝ խախտումներն այնքան ցցուն են, որ ընտրությունները պետք է միայն անվավեր ճանաչվեն։ ՍԴ է դիմել նաեւ ԲՀԿ-ն, որին զրկեցին մանդատից՝ 3 ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելով։ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկում են նաեւ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը, Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուղի» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը, եւ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք» կուսակցությաունը։ ՍԴ-ն միավորել է գործերը մեկ վարույթում, ՔՊ կուսակցությունը ներգրավված է որպես երրորդ անձ։ Զեկուցող է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։