«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պոլիտեխնիկի ակադեմիական բակում կայացավ ՀԱՊՀ Գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, արվեստի և մաթեմատիկայի (ԳՏՃԱՄ) թեքումով հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառումը։
Միջոցառմանը մասնակցում էր ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Առաջին դասարանի աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին իրենց դպրոցական առաջին տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, իսկ 2–8-րդ դասարանների սաները հանդես եկան ինժեներական նախագծերով, ստեղծագործական աշխատանքներով, գեղարվեստական նկարներով, ինչպես նաև պարային և մշակութային համարներով։
Միջոցառումն ընդգծեց, որ ունենք գիտելիքի, ստեղծարարության և նախաձեռնողականության ձգտող լուսավոր սերունդ, որի կրթական առաջընթացի համար ՀԱՊՀ հիմնադրամը ստանձնել է կարևոր առաքելություն և հետևողականորեն իրականացնում է այն։
Վստահաբար կարող եմ ասել, որ դպրոցի զարգացմանն ու կրթական գործընթացի բարելավմանն առնչվող յուրաքանչյուր հարցի մենք մոտենում ենք բարձր պատասխանատվությամբ։ Այս միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր ներկայացնելու մեր աշակերտների ձեռքբերումները, ցուցադրելու նրանց ներուժը և ընդգծելու ՀԱՊՀ հիմնադրամի ու ԳՏՃԱՄ դպրոցի հանձնառությունը՝ ապահովելու ժամանակակից, որակյալ և արժեքահեն հանրակրթական ծառայություն։
Մեր երեխաների հաջողություններն ու ձեռքբերումները լավագույն վկայությունն են այն բանի, որ ներդրումը կրթության մեջ ներդրում է երկրի ապագայի մեջ»։





