00:00:00

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

17:21, 19 հունիս 2026 Բանկեր

Ամերիաբանկն առաջին անգամ թողարկել և հաջողությամբ տեղաբաշխել է ընդհանուր 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսեր: Պարտատոմսերը թողարկվել են երկու փուլով` փետրվարին և ապրիլին: Երկու թողարկման դեպքում էլ ամբողջ ծավալը սպառվել է նախատեսվածից շուտ, ինչը վկայում է արժեթղթի նկատմամբ բարձր պահանջարկի մասին:

Անժամկետ պարտատոմսերի թողարկման շնորհիվ Ամերիաբանկը ձևավորում է լրացուցիչ կապիտալի բուֆերներ՝ հետագա աճի հնարավորություններն իրացնելու և ռազմավարական նպատակներն իրականացնելու համար: Հատկանշական է, որ առաջին սերիայի անժամկետ պարտատոմսերը տեղաբաշխվել են 8.5% եկամտաբերությամբ, իսկ երկրորդինը արդեն 8% պայմանավորված պարտատոմսերի նկատմամբ բարձր պահանջարկով։

«Ամերիաբանկի անժամկետ պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը հստակ վկայում է մեր վարկային պատմության և դիվերսիֆիկացված հաշվեկշռի կառավարման հանդեպ շուկայի վստահության մասին։ Այս գործարքի արդյունքում կապիտալի համարժեքության ցուցանիշների ամրապնդումը Բանկին ընձեռում է լրացուցիչ ճկունություն՝ մեր զարգացման հավակնոտ ծրագրերն իրականացնելու ու Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուի դիրքն ամրապնդելու համար»,- նշել է Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը:

Նշենք, որ պարտատոմսերն այժմ հնարավոր է ձեռք բերել կամ վաճառել երկրորդային շուկայում։ 

Ամերիաբանկի անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հունվարի 21-ի 1/28Ա որոշմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր