00:00:00

Ռուսաստանի հետ ծագած բոլոր դժվարությունները լուծելու ենք կառուցողական մթնոլորտում. Միրզոյան

00:02, 05 հունիս 2026 Քաղաքականություն

 

 

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ծագած բոլոր դժվարությունները լուծելու է հանգիստ և կառուցողական մթնոլորտում։ Այս մասին այսօր «Արմենիա» ՀԸ–ի «Ընտրության ժամը» հաղորդման ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումներին։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք չենք պատրաստվում ավելացնել այդ լարվածությունը, ճիշտ հակառակը՝ մենք պատրաստվում ենք հանգիստ, կառուցողական, գործընկերային և աշխատանքային մթնոլորտում քննարկել։ Կարծում եմ՝ այդպես էլ կլինի, առաջին անգամ չեն նման խնդիրները»։

Միրզոյանի խոսքով՝ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումները խթան էին «մատակարարումների դիվերսիֆիկացման» համար։

Նա հիշեցրել է, որ այսօր Հայաստանից ծաղիկների մի խմբաքանակ արտահանվել է Հյուսիսային Եվրոպայի երկրներ։

«Այս դրվագը մեզ հնարավորություն տվեց գործնական դաշտ բերել տնտեսական դիվերսիֆիկացիան՝ հայկական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը, իսկ աշխարհագրությունը շատ լայն է՝ Հյուսիսային Եվրոպայից մինչև Թուրքիա և Արաբական աշխարհ։ Շատ հաջող է ընթանում այս փնտրտուքն, ու անսպասելի տեղերում գործընկերներ են գտնվում, որոնք նախորդիվ այդքան իրատեսական չէին համարվում»,–ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։

Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։

Իսկ հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր