00:00:00

Ռյութեն՝ Ռումինիայում տեղի ունեցած միջադեպի մասին. ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր թիզը

17:55, 29 մայիս 2026 Հասարակություն

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն հայտնել է, որ դաշինքը «պատրաստ է պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր թիզն» այն բանից հետո, երբ ռուսական անօդաչու թռչող սարքը Ռումինիայում ընկել է բնակելի տան վրա, գրել է The Guardian-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Գալաց քաղաքում՝ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու։ Ռումինիայի իշխանությունների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը երկրի օդային տարածքում հայտնաբերվել է ռադարների կողմից, որից հետո բախվել է բազմաբնակարան շենքի տանիքին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, տուժել է երկու մարդ, իսկ բնակիչների մի մասին ստիպված են եղել տարհանել։

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Բուխարեստը թույլ չի տա պատերազմը տեղափոխել երկրի տարածք։ Նա հանձնարարել է պատրաստել Մոսկվայի նկատմամբ միջոցառումների փաթեթ՝ «իրավիճակի լրջությանը համաչափ»։

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածն անվանել է «կոպիտ և անպատասխանատու սրում» և «միջազգային իրավունքի լուրջ խախտում»։ Ռումինիայի իշխանությունները նաև դիմել են ՆԱՏՕ-ին՝ խնդրելով արագացնել անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համակարգերի մատակարարումները։

Միջադեպից հետո ռումինական զինվորականները օդ են բարձրացրել երկու F-16 կործանիչ և մեկ ուղղաթիռ՝ թիրախները խոցելու թույլտվությամբ։ Սահմանամերձ շրջաններում հայտարարվել է օդային տագնապ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Ռուսաստանի գործողություններն «անցել են ևս մեկ կարմիր գիծ», և հայտնել է իր լիակատար աջակցությունը Ռումինիային։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն նույնպես դատապարտել է տեղի ունեցածը՝ ընդգծելով, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է մի երկրի տարածքին, որը Եվրամիության և ՆԱՏՕ անդամ է։

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ միջադեպը կրկին ցույց տվեց այն սպառնալիքը, որը Ռուսաստանի գործողությունները ներկայացնում են ողջ Սևծովյան տարածաշրջանի և Եվրոպայի համար։

Ուրբաթ Նիկուշոր Դանը հրավիրել է Ռումինիայի ազգային պաշտպանության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ, իսկ Ռուսաստանի դեսպանը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։ Ռումինիայի իշխանությունները նաև հայտնել են եվրոպական մակարդակով հետագա քայլերի նախապատրաստման մասին, ներառյալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների քննարկումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր