Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 29-ին հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կա էբոլա վիրուսի 906 կասկածելի դեպք, այդ թվում՝ 223 մահվան դեպք, որոնք բոլոլրն էլ հետաքննվում են։
Այս մասին գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում շարունակվում է էբոլայի «Բունդիբուգյո» շտամի բռնկումը, դեպքեր են գրանցվել նաև Ուգանդայում։
Մասնավորապես, Կոնգոյում գրանցվել է էբոլայի 125 հաստատված դեպք։ Իսկ Ուգանդայում գրանցվել է էբոլայի յոթ հաստատված դեպք, որոնցից երեքը ներմուծվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։
ԱՀԿ ներկայացուցիչ Անաիս Լեգանդը հայտնել է, որ հաստատված վարակակիրների շրջանում մահերի թիվը տատանվում է 30%-ից մինչև 50%։
«Դա մեծ թիվ է։ Սա նշանակում է, որ 10 մարդուց հինգը, հավանաբար, կմահանան», – նշել է Լեգանդը՝ հավելելով, որ տվյալները նախնական են և պահանջում են հետագա ուսումնասիրություն։ Լեգանդն ընդգծել է, որ վաղ օգնությունը կարող է օգնել նվազեցնել մահացության մակարդակը։
ԱՀԿ-ից հիշեցրել են, որ ներկայում այս հիվանդության համար հատուկ հաստատված պատվաստանյութեր կամ բուժումներ չկան։