Փաստաբան Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։
Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ազատվել է տնային կալանքից
Փաստաբան Ռուբեն Հակոբյանն արդեն մեկ ամիս է՝ ապօրինի անազատության մեջ է գտնվում․տնային կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է մարտի 6-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում, որը վերաբերում է Լոռու մարզում քննվող քրեական վարույթի շրջանակներում արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու ենթադրյալ դեպքին։ Հակոբյանի նկատմամբ նախ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը, ապա՝ վարչական հսկողությունը։
Ըստ քրեական գործի՝ փաստաբանն սպանության դեպքի առթիվ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում քննվող քրեական գործով ներգրավված է եղել որպես սպանությունը կատարած մեղադրյալի պաշտպան:
«Դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից՝ նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցին՝ սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։
Բացի այդ, վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք»,- հայտարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեն և կից հրապարակվել էր նաև ձայնագրություն։ Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում, ավելին, նշված ձայնագրության աղբյուրը հայտնի չէ, սպանության գործով գաղտնալսված ձայնագրությունը ճանաչվել է անթույլատրելի՝ Վերաքննիչ քրեական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։
Դատարան ուղարկված գործով անցնում են նաև Վահե Ղազախեցյանը և Անահիտ Մովսիսյանը։ Վերջինս սպանության գործով վկան է, ով իբրև տվել է սուտ ցուցմունք։