«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար–մարտ ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Թեղուտ» ՓԲԸ-ն զբաղեցրել է 10-րդ տեղը՝ պետբյուջե փոխանցելով 6,102,748 (հազար դրամ): Թվում է՝ խոսքը հաջողված արտադրական գործունեություն ունեցող ընկերության մասին է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս ցուցանիշի հետևում կանգնած է տարիներով կուտակված հակասություններով, դադարներով և քննադատություններով լի մի հակասական պատմություն։
Հսկայական պաշարներ՝ անտառի հաշվին․10 տարվա պատմության հետքերով
«Թեղուտ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006 թվականին՝ Լոռու մարզում գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով։ Այն համարվում է Հայաստանի երկրորդ խոշոր պղնձի և մոլիբդենի հանքավայրը՝ շուրջ 450 մլն տոննա հանքաքարի պաշարներով։
2006–2013 թվականներին կառուցվել է լայնածավալ լեռնահարստացման կոմբինատ՝ ավելի քան 700 հա տարածքում, որի զգալի մասը՝ 357 հա, անտառային ֆոնդ էր։ 2014-ին հանքը հանձնվեց շահագործման և արագ դարձավ ոլորտի առանցքային խաղացողներից մեկը՝ ապահովելով հազարավոր աշխատատեղեր։
Սակայն «Թեղուտ»-ի գործունեությունը չի եղել կայուն․
• 2018 թվականին այն դադարեցվել է՝ պոչամբարի կայունության ռիսկերի պատճառով
• 2019-ին՝ վերագործարկվել
• 2022 թվականի մարտից մինչև 2023-ի հուլիս՝ կրկին կանգ է առել՝ արդեն աշխարհաքաղաքական և տնտեսական խնդիրների հետևանքով
Ընկերությունը պնդում է, որ այդ ընթացքում իրականացրել է լայնածավալ տեխնիկական արդիականացումներ, ավտոմատացման ծրագրեր և պոչամբարի անվտանգության բարձրացման աշխատանքներ։
2023 թվականի օգոստոսից ընկերությունը կրկին ամբողջ ծավալով աշխատում է։
Ղեկավար կազմ․ ռուսական և տեղական կադրեր
2026 թվականի մարտից «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Սերգեյ Ներուչևը՝ երկարամյա փորձ ունեցող հանքարդյունաբերական ոլորտում։ Նրա կենսագրությունը ցույց է տալիս, որ նա աշխատել է Ռուսաստանի խոշոր ընկերություններում՝ «Նորիլսկգազպրոմ», «Գեոտրանսգազ», ինչպես նաև զբաղեցրել է պետական պաշտոն՝ Սախալինի փոխմարզպետի մակարդակով։ Միաժամանակ ղեկավարել է «ԱԳԴ ԴԱՅՄՈՆԴՍ»-ը և ներգրավված եղել «ALROSA» խմբի կառույցներում։
Ֆինանսական բլոկը ղեկավարում է Կարեն Սիմոնյանը՝ ով երկար տարիներ աշխատել է ռուսական լեռնամետալուրգիական ընկերություններում և 2020-ից զբաղեցնում է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։
Տեխնիկական ուղղությունը ղեկավարում է Արեն Առաքելյանը՝ տեղական կադր, ով անցել է ամբողջ ճանապարհը հենց «Թեղուտում»՝ տեխնոլոգից մինչև գլխավոր ճարտարագետ։
Պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության իրական շահառուն Պավել Կորիչնևն է՝ Ռուսաստանի քաղաքացի, որը վերահսկողությունն իրականացնում է միանձնյա։
Բնապահպանական լուրջ մեղադրանքներ
Միևնույն ժամանակ, «Թեղուտ»-ի գործունեությունը երկար տարիներ ուղեկցվել է բնապահպանական բողոքներով։
Քաղաքացիական նախաձեռնությունները դեռ 2010-ականներից ահազանգում էին, որ հանքի շահագործումը հանգեցրել է անտառների ոչնչացման և ջրային ռեսուրսների աղտոտման։ Մասնավորապես նշվում էր, որ Շնող գետի ջրի որակը զգալիորեն վատացել է, իսկ որոշ դեպքերում հոսքաջրեր են լցվել նաև Դեբեդ գետ՝ առանց համապատասխան թույլտվության։
2018 թվականին «Հայկական բնապահպանական ճակատ»-ը հայտարարում էր, որ հանքի շահագործումը «բնության նկատմամբ հանցագործություն» է և պահանջում էր դրա դադարեցում։
Հատկանշական է նաև, որ այդ տարիներին բնապահպանական ակցիաներին ակտիվ մասնակցություն ունեցող քաղաքական գործիչների մի մասը, իշխանության գալուց հետո, ըստ քննադատների, այլևս չի անդրադառնում նույն խնդիրներին։
«Թեղուտ»-ի հակադարձումը․ աշխատատեղեր, վերականգնված անտառներ և հարյուր միլիոնների հարկային վճարներ
Միաժամանակ, «Թեղուտ» ՓԲԸ-ն ներկայացնում է նաև իր գործունեության սոցիալ-տնտեսական և բնապահպանական արդյունքները՝ ընդգծելով, որ հանքավայրի շահագործումը միայն ռիսկեր չի պարունակում, այլ նաև էական ներդրում ունի տարածաշրջանի զարգացման մեջ։
Ընկերության տվյալներով՝ Լեռնահարստացման կոմբինատի արտադրական գործունեության շնորհիվ ստեղծվել է ավելի քան 1000 աշխատատեղ, ինչը զգալի դեր է խաղացել Լոռու մարզում զբաղվածության ապահովման հարցում։ Բացի աշխատատեղերից, ընկերությունը սոցիալական ծրագրերի և համայնքներին ուղղված աջակցության շրջանակում ներդրել է շուրջ 2,8 մլն ԱՄՆ դոլար՝ նպատակ ունենալով բարելավել տեղական բնակչության կենսապայմաններն ու ենթակառուցվածքները։
Բնապահպանական բաղադրիչի մասով «Թեղուտ»-ը շեշտում է անտառների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ըստ ընկերության՝ արտադրական նպատակներով օգտագործված 260 հեկտար անտառային ֆոնդի դիմաց 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ վերականգնվել է 676,9 հեկտար տարածք։ Այդ թվում՝ 128,9 հեկտարում տնկվել են այգիներ՝ նաև հարակից համայնքների բնակիչների համար։ Նշվում է, որ անտառվերականգնման ծրագրերի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 1,8 մլն ԱՄՆ դոլար։
Ընկերությունը նաև ընդգծում է իր հարկային կարգապահությունը՝ հայտարարելով, որ գործունեության ողջ ընթացքում, գործելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան, պետական բյուջե է փոխանցել շուրջ 181,8 մլն ԱՄՆ դոլարի հարկային վճարներ։
Բացի իրականացված անտառվերականգնման ծրագրերից, ընկերությունը ներկայացնում է նաև անտառային ծածկույթի հատման և փոխհատուցման պետական պարտավորությունների կատարման մանրամասները։
Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ և անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման շրջանակում, համաձայն ՀՀ Բնապահպանության նախարարի 2008 թվականի օգոստոսի 22-ի №295-Ա և ՀՀ Գյուղատնտեսության նախարարի 2008 թվականի օգոստոսի 14-ի №151-Ա համատեղ հրամանի, նախատեսվել էր իրականացնել 714 հա անտառապատման ծրագիր։
Հետագայում՝ 2015 թվականի օգոստոսի 7-ի ՀՀ Բնապահպանության նախարարի №228-Ա և 2015 թվականի օգոստոսի 4-ի Գյուղատնտեսության նախարարի №182-Ա համատեղ հրամաններով, բացի անտառապատման պարտավորություններից, թույլատրվել է նաև հարակից համայնքներում իրականացնել պտղատու այգիների հիմնման աշխատանքներ՝ որպես փոխհատուցման և սոցիալական ծրագրերի մաս։
Ընկերության տվյալներով՝ 2024 թվականի մայիսի 1-ի դրությամբ հատվել է շուրջ 239 հա անտառային տարածք, իսկ փոխարենը վերականգնվել է շուրջ 677 հա անտառ և կանաչ տարածք՝ ներառյալ պտղատու այգիները։ Ծրագրի շրջանակում հիմնվել են արքայանարնջի, սերկևիլի, ընկուզենու, սալորի և այլ ծառատեսակների այգիներ։
Այսպիսով, «Թեղուտ» ՓԲԸ-ն իր դիրքորոշմամբ փորձում է հակակշռել հնչող քննադատություններին՝ ներկայացնելով իր տնտեսական, սոցիալական և բնապահպանական ներդրումները, թեև հանրային քննարկումները շարունակում են պահպանել իրենց արդիականությունը։
Բնապահպան ակտիվիզմից մինչև քաղաքական լռություն․ ինչու՞ ՔՊ-ական նախկին էկոակտիվիստները այլևս չեն խոսում «Թեղուտի» մասին:
Հատկանշական է նաև քաղաքական ենթատեքստը
Թեղուտի շուրջ կազմակերպված բնապահպանական ակցիաների ակտիվ մասնակիցներից էր նաև ՔՊ-ական, էկոակտիվիստ Լենա Նազարյանը։ Ընդհանուր առմամբ, այն ժամանակվա ընդդիմադիր շրջանակներում ընդգրկված բազմաթիվ բնապահպան-ակտիվիստներ, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին գրեթե որևէ առիթ բաց չէին թողնում բարձրաձայնելու հանքի շահագործման վտանգների մասին, այսօր, ըստ քննադատների, պահպանել են նկատելի լռություն։
Նույն Լենա Նազարյանը, դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, ոչ միայն հրապարակային հայտարարություններով էր հանդես գալիս, այլև մասնակցում էր կոնկրետ գործողությունների՝ բնապահպանական ակցիաների, ճանապարհների փակման և այլ քաղաքացիական անհնազանդության դրսևորումների։ Նա պարբերաբար խոսում էր հանքի շահագործման ռիսկերի մասին՝ դրանք ներկայացնելով որպես լուրջ սպառնալիք ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ տեղական բնակչության սոցիալական վիճակի համար։
Մասնավորապես, 2012 թվականի հունվարի 16-ին իր ֆեյսբուքյան էջում նա գրել էր․ «Կապիտալը մնում է հանքատիրոջը, իսկ գյուղացիները ճորտեր են՝ ծառահատներ ու հանքափորներ։ Բացի այդ, եթե մարդ ապրում է աղտոտված շրջակա միջավայրում, ապա դա նշանակում է, որ նա աղքատ է։ Ես համոզվեցի, որ կառավարությունը դիտավորությամբ չի զարգացնում տարածաշրջանը, որպեսզի մարդիկ կախված լինեն հանքի շահագործումից»։
Սակայն տարիներ անց, արդեն լինելով իշխանական պատգամավոր և Նիկոլ Փաշինյանի թիմակից, Լենա Նազարյանը, ըստ դիտարկումների, այլևս նույն ակտիվությամբ չի անդրադառնում ոչ Թեղուտի, ոչ էլ ընդհանրապես հանքարդյունաբերության խնդիրներին։ Այն գործիչը, որը ժամանակին պայքարում էր, որպեսզի, օրինակ, Ամուլսարը հանք չդառնա և մասնակցում էր «Թեղուտ. Հանք, թե կյանք» կարգախոսով ակցիաներին, այսօր այդ թեմաների շուրջ հստակ և հրապարակային դիրքորոշում չի ներկայացնում։
Դատական վեճեր և ֆինանսական հարցեր
Դեռևս 2019 թվականին լրատվամիջոցները գրել էին, որ դատարանը պարտավորեցրել էր ընկերությանը նախկին տնօրեն Սահակ Կարապետյանին վճարել շուրջ 250 մլն դրամ՝ աշխատանքից ազատման հետ կապված պայմանագրային պարտավորությունների հիմքով։ Դատարանը նաև իրավաչափ ճանաչեց պայմանագրի այն դրույթը, որով նախատեսված էր մեկ տարի շարունակ բարձր աշխատավարձի վճարում։
Այս գործը դարձավ քննարկման առարկա՝ հաշվի առնելով, որ այն կնքվել էր հանքի գործունեության դադարեցումից անմիջապես հետո և կարող էր լրացուցիչ ֆինանսական բեռ դառնալ նոր սեփականատիրոջ համար։
«Ժողովուրդ օրաթերթ» 2026 թվականի ապրիլի 29-ին հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության, հնարավոր քրեական վարույթների, մեղադրյալների, բնապահպանական վնասների գնահատման և պոչամբարի շահագործման հետ կապված ընթացիկ գործընթացների վերաբերյալ։ Ի պատասխան հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի վերաբերյալ քննվում է երեք քրեական վարույթ, որոնց շրջանակում ներկայումս իրականացվում է նախաքննություն։ Միաժամանակ նշվել է, որ այս պահին որևէ անձ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։
Հարցերը, որոնք դեռևս մնում են բաց
Այսպիսով, «Թեղուտ» ՓԲԸ-ն այսօր մի կողմից հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը, մյուս կողմից՝ շարունակում է մնալ հանրային քննարկումների կենտրոնում։ Բնապահպանական ռիսկեր, նախկինում արձանագրված խախտումներ, սեփականատիրական կառուցվածք և կառավարման փոփոխություններ՝ այս ամենը շարունակում են հարցեր առաջացնել։
Թոփ 10-ում հայտնվելը ցույց է տալիս ընկերության տնտեսական հզորությունը, սակայն մնում է պարզել՝ արդյոք նույն չափով լուծվել են տարիներով կուտակված խնդիրները, թե դրանք պարզապես մղվել են երկրորդ պլան, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2023 թվականին առավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է մաքսիմալ օգուտ ստանա հանքաարդյունաբերությունից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: