00:00:00

Թրամփը Իրանում «գործն ավարտին հասցնելու» համար լավ ռազմական տարբերակ չունի. The Washington Post

23:52, 18 մայիս 2026 Աշխարհ

Նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես և սպասվում էր, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ գագաթնաժողովից վերադարձել է Հորմուզի նեղուցի բացման հարցում առանց որևէ օգնության հասնելու։ Այժմ Թրամփը պետք է հասկանա, թե ինչպես դուրս գա մի պատերազմից, որն, իր խոսքերով, պետք է տևեր «չորսից հինգ շաբաթ», սակայն արդեն երրորդ ամիսն է, ինչ ընթանում է։ Շատ «կաբինետային գեներալներ» նրան կոչ են անում «գործն ավարտին հասցնել»՝ վերսկսելով Իրանի ռմբակոծությունները։ Այդուհանդերձ, կոշտ գծի կողմնակիցները գերագնահատում են այն, ինչին կարող է հասնել ամերիկյան ավիացիան, և թերագնահատում են, թե ինչպես կարող է պատասխանել Իրանը, գրում է The Washington Post-ը։

 

Հաշվի առնելով 38 օր տևած իսրայելա-ամերիկյան ռմբակոծությունների ծայրահեղ անբավարար արդյունքները՝ դժվար է պատկերացնել, թե էլ ինչի կարելի էր հասնել էլ ավելի մեծ հարվածներով։ Անցյալ շաբաթ Սենատում տված իր ցուցմունքներում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուպերը փորձել է «Epic Fury» գործողությունը ներկայացնել լավագույն լույսի ներքո՝ հայտարարելով, թե ամերիկյան ուժերը «սիստեմատիկորեն ապամոնտաժել են այն, ինչ Իրանը կառուցել էր չորս տասնամյակների ընթացքում և ծախսել տասնյակ միլիարդավոր դոլարներ», և որ «մենք վնասել կամ ոչնչացրել ենք իրանական բալիստիկ, անօդաչու և ռազմածովային պաշտպանական-արդյունաբերական բազայի ավելի քան 85%-ը»։

 

Քուպերի խնամքով ձևակերպված հայտարարությունները («վնասված է»-ն նույնը չէ, ինչ «ոչնչացված է»-ն) պետք է ընդունել առողջ թերահավատությամբ: Վիետնամի պատերազմից մինչև Իրաքի պատերազմ՝ ամերիկյան զինվորականները, ինչպես և ցանկացած այլ բանակ, հակված են չափազանցնելու սեփական հաջողությունները մարտի դաշտում։ Ինչպես գրում էր The Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզական տվյալները, Իրանը պահպանում է «իր նախապատերազմյան հրթիռային պաշարների մոտ 70%-ը»։ The New York Times-ն ավելի վաղ գրել էր, որ Իրանը դեռևս ունի իր անօդաչու սարքերի զինանոցի 40%-ը։ Միևնույն ժամանակ, ամերիկյան զինվորականները սպառել են իրենց հակաօդային պաշտպանության միջոցների և հեռահար հրթիռների զգալի մասը։

 

Հետևաբար, պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե Թրամփը որոշի վերսկսել ավիահարվածները՝ հնարավոր է դրանք ընդլայնելով մինչև իրանական էլեկտրակայաններ ու կամուրջներ, ինչպես նա արդեն սպառնացել է։ Իրանը գրեթե հաստատ կպատասխանի՝ հարվածներ հասցնելով էներգետիկ օբյեկտներին և նույնիսկ աղազրկման կայաններին ամբողջ տարածաշրջանում։ Դա կհանգեցնի հումանիտար և տնտեսական աղետի, որի համեմատ հակամարտության սկզբից ի վեր նավթի գների ներկայիս շուրջ 50% աճը «մանկական խաղ» կթվա։

Հիմքեր չկան կարծելու, թե էլ ավելի մեծ թվով իրանցի առաջնորդների վերացումը, ինչպես առաջարկում են կոշտ գծի կողմնակից «բազեները», ռեժիմին կդարձնի ավելի զիջող։ Այդ ռազմավարությունն արդեն իսկ հակառակ արդյունքն է տվել. այաթոլլա Ալի Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունից հետո իշխանության է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կոշտ հայացքներով գեներալների մի խումբ, որոնք ամենևին հակված չեն փոխզիջումների։

Իսկ ի՞նչ կասեք ցամաքային զորքերի մասին։ Այս տարբերակն այժմ գրեթե չի քննարկվում, սակայն մարտին շատ խոսակցություններ կային Խարգ կղզին (Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցը) կամ 1000 ֆունտ բարձր հարստացված ուրանը զավթելու մասին։ The Washington Post-ը հաղորդում էր, որ Թրամփը նույնիսկ ռազմական ծրագրեր էր պահանջել զավթելու այն, ինչ ինքն անվանում է «միջուկային փոշի»։ Նման գործողությունը կպահանջեր հարյուրավոր կամ հազարավոր զինվորների ներկայություն թշնամական երկրի տարածքում՝ շաբաթներ շարունակ։ Ծանրակշիռ պատճառներ կան, թե ինչու Թրամփը Հատուկ գործողությունների ուժերին հրաման չտվեց իրականացնել այն, ինչը կդառնար նրանց պատմության մեջ ամենախոշոր և ամենառիսկային գործողությունը։

Խարգ կղզու զավթումն ավելի հեշտ կլիներ, սակայն ինչ կլիներ դրանից հետո։ Մայրցամաքից 15 մղոն հեռավորության վրա գտնվող փոքրիկ կղզում հայտնված հազարավոր ծովային հետևակայինները հեշտ թիրախ կդառնային իրանական հարձակումների համար, և անհասկանալի է, թե նրանք ընդհանրապես ինչի կհասնեին, քանի որ կղզին գտնվում է Հորմուզի նեղուցից 300 մղոն հեռավորության վրա։

Նման ռիսկային գործողությունների փոխարեն Թրամփն ապրիլի 13-ին սկսեց իրանական նավագնացության շրջափակումը՝ հուսալով Իրանի տնտեսությունը հասցնել կոլապսի և ստիպել նրան վերացնել Հորմուզի նեղուցի սեփական շրջափակումը։ Բայց դա նույնպես ապարդյուն անցավ։ The Washington Post-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզությանը, հաղորդում է, որ լուրջ տնտեսական ճգնաժամի սկսվելու համար կպահանջվի առնվազն 3–4 ամիս։ Նույնիսկ այդ ժամանակ ռեժիմը, որը պատրաստ է սպանել սեփական տասնյակ հազարավոր քաղաքացիների հանուն իշխանության պահպանման, հազիվ թե զիջի։ Կուբան, Հյուսիսային Կորեան և Իրանը տասնամյակներ շարունակ դիմակայել են ԱՄՆ պատժամիջոցներին՝ չնայած բնակչության տառապանքներին։

Միաժամանակ, շրջափակման ամեն մի օրը մեծացնում է համաշխարհային տնտեսական վնասը։ ԱՄՆ-ում գնաճը վերջերս տարեկան կտրվածքով աճել է մինչև 3,8%՝ դառնալով վերջին տարիների ամենաբարձր մակարդակը։ Աղետը դեռևս հաջողվում է զսպել միայն նավթի առկա պաշարների հաշվին, սակայն, ինչպես զգուշացրել է The Wall Street Journal-ը, «աշխարհն այրում է իր նավթային անվտանգության բարձիկը»։

Եթե Թրամփը կորցնի համբերությունը, նա կարող է հրամայել ԱՄՆ ռազմածովային ուժերին ուժով բացել Հորմուզի նեղուցը։ Ես հարցրի դրա մասին պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսին՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գերագույն գլխավոր հրամանատարին, թե ինչ կպահանջվի դրա համար։ Նա պատասխանեց. «Նեղուցի բացումը ռազմական միջոցներով լիարժեք առաջադրանք է 80 ինքնաթիռ ունեցող ավիակրի, մեկ դյուժին կառավարվող հրթիռային կրեյսերների ու ականակիրների, կես դյուժին ականազերծիչ նավերի, ԱՄՆ ռազմաօդային ուժերի 75-ից ավելի ինքնաթիռների, բանակային 35 ուղղաթիռների և, հավանաբար, Իրանի ափի երկայնքով 5–10 հազար ցամաքային զորքերի համար»։

Նույնիսկ ԱՄՆ-ի նման լայնածավալ ռազմական գործողությունը ծայրահեղ ռիսկային կլիներ։ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը հարձակման կենթարկվեին նեղ ջրերում, որտեղ արձագանքելու համար շատ քիչ ժամանակ կա, և նույնիսկ մեկ իրանական անօդաչու թռչող սարքը, որը կհարվածեր որևէ լցանավի, կարող էր տապալել ամբողջ գործողությունը։

Այլ խոսքերով՝ Թրամփի համար խելամիտ կլիներ անտեսել «բազեներին» և առավելագույն ջանքեր գործադրել Թեհրանի հետ գործարք կնքելու համար։ Նա պետք է դիտարկի «բացում՝ բացման դիմաց» սկզբունքով համաձայնագիրը, որի դեպքում երկու կողմերն էլ վերացնում են իրենց շրջափակումները։ Դա ժամանակ կտար Իրանի միջուկային ծրագրի շուրջ տևական բանակցություններ վարելու համար։

Եթե Իրանը պնդի Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար սահմանելու հարցում, դա կդառնա նավագնացության ազատության սկզբունքի անթույլատրելի խախտում, որը ԱՄՆ-ը պաշտպանում է դեռևս 18-րդ դարից։ Այդ դեպքում Թրամփը, հնարավոր է, այլընտրանք չունենա, քան նավատորմին հրամայելը՝ ուժով փորձել բացել նեղուցը, այսինքն՝ այն վերադարձնել նախապատերազմյան կարգավիճակին։

Բայց սդա վատթարագույն սցենարն է, և դիվանագետները պետք է անեն հնարավոր ամեն ինչ դրանից խուսափելու համար, նույնիսկ եթե դա զիջումներ պահանջի միջուկային հարցում (օրինակ՝ Իրանին միջազգային վերահսկողության ներքո ուրանի սահմանափակ, ցածր մակարդակի հարստացում պահպանելու թույլտվություն)։ Ի հեճուկս Թրամփի խոսքերի՝ նա չի հասել «լիակատար ռազմական հաղթանակի» և, ամենայն հավանականությամբ, դրան չի էլ հասնի։ Որքան շուտ նա դա գիտակցի, այնքան լավ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր