Այս իշխանության օրոք 3 պատերազմ է եղել, ինքը՝ (խմբ.՝ Փաշինյանը) որպես բանակցող պատրաստված չի եղել, այս մասին Ագարակ համայնքում հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ընդդիմություն եղած ժամանակ պիտի պատրաստեին, ընդհանրապես ընդդիմություն եղած ժամանակ անձինք պիտի պատրաստվեն, որ երբ գան իշխանության, կարողանան բանակցել։ Ինքը զրոյական կետից սկսեց բանակցությունները»,-նշեց նա։
Ասաց, որ երբ դառնան իշխանություն, զրոյական կետից չեն սկսի. «Մենք եկել ենք խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակահատվածում, այդպես կշարունակվի, Փաշինյանի պես չենք անելու»։
Կարապետյանը հավելեց, որ որոշակի նախապայմաններ են, սակայն, անհրաժեշտ. «Ասում ենք՝ կլինի՞ Իրանը կամ ԱՄՆ-ն ստորագրի, որ երաշխավորում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Մենք ուզում ենք 1-ից ավելի երաշխավոր։ 1 երաշխավորը, երբ իր երկրում կռիվ է ունենում, զբաղվում է իր երկրի առաջնահերթությամբ, պետք է 2-3 երաշխավոր։ 3-ի հնարավորություն տեսնում ենք»։