Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է խախտել զինադադարը՝ ներառյալ ծովային շրջափակումը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը:
«Կրակի լիարժեք դադարեցումն այն ժամանակ իմաստ ունի, երբ այն չի խախտվում ծովային շրջափակմամբ, համաշխարհային տնտեսությանը պատանդ վերցնելով... Հորմուզի նեղուցի բացումն անհնար է զինադադարի կոպտագույն խախտման պայմաններում»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին, Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել էին կրակի դադարեցման մասին: Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին առանց արդյունքի: Միևնույն ժամանակ, մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդումներ չեն ստացվել, սակայն ԱՄՆ-ը սկսել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը: Ներկայում միջնորդները փորձեր են ձեռնարկում բանակցությունների նոր փուլ կազմակերպելու համար: