Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները հանձնվելու և պայքարելու միջև ընտրություն են։ Այս մասին այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Սա ընտրություն է մարտահրավերներին ու խորացող խնդիրներին հանձնվելու և հզոր պետություն կառուցելու և ուժեղ ղեկավարություն ունենալու համար պայքարելու միջև։ Հունիսի 7-ին շուրջ 2,5 միլիոն մարդ հնարավորություն կունենա կատարել այդ ընտրությունը։ Այդ հնարավորությունը կունենան բոլորը, բացի այն 19 հոգուց, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում միայն այն պատճառով, որ նրանք հայ են։ Այդ ընտրությունները նաև այդ մարդկանց մասին են։ Դա ընտրություն է այնպիսի պետություն ունենալու մասին, որտեղ հայ գերիների վերադարձը կդառնա ազգային արժանապատվության վերականգնման անվիճելի առաջնահերթություն և տևական խաղաղության հաստատման նախապայման։
Մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը, ով բացառիկ ավանդ է ունեցել Հայաստանի և Արցախի կյանքում, ոչինչ չի խնայի մեր հայրենակիցների վերադարձի համար։ Նրա համար՝ և՛ որպես ապագա իշխանության, և՛ որպես հայ ժողովրդի զավակի, հայրենասիրությունն ու ազգային արժանապատվությունն անձնական առաջնահերթություններ են։
Ռուբեն Վարդանյանը հաճախ է ասում, որ ամենավտանգավոր երևույթը անտարբերությունն է։ Ըստ այդմ՝ մենք չենք կարող անտարբեր լինել մեր հայրենիքի հանդեպ և շարունակում ենք կրել մեր պատասխանատվության բաժինը։
Այսօր, երբ Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն և քաղաքական կամք, «Ապրելու երկիր» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները հուշագիր են ստորագրել՝ միասնական օրակարգով ընտրություններին մասնակցելու համար՝ միավորելով ռեսուրսները և ներգրավելով «Ապրելու երկիր» կուսակցության տարածաշրջանային ակտիվը»: