00:00:00

Ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ. Հայր Դերենիկ

15:50, 21 ապրիլ 2026 Քաղաքականություն

Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը «Զրույց ինքս ինձ հետ» վերտառությամբ հրապարակում է արել. Հայր Սուրբը հրապարակումն արել է այսօր, քանի որ 13 տարի առաջ հենց այս օրն է ձեռնադրվել կուսակրոն քահանա։

«Իմ 13 տարիներն անցան

Հույսով ու անհուսությամբ,

Հավատով ու թերհավատությամբ,

Հաջողությամբ ու անհաջողությամբ,

Ձախողումով ու ձեքբերումով,

Վայրէջքով ու վերելքով,

Պայքարով ու հաղթանակով,

Բայց միշտ` սիրելով...

Այս տարիների ապրած ցավերը, դժվարությունները, կորուստներն ինձ սովորեցրեցին երբեք չհանձնվել և առիթ տվեցին ավելի ուժեղ լինելու, ավելի սիրելու ու գնահատելու այն, ինչը տրված է Աստծուց։

Այս ողջ ընթացքում ինձ մի ձայն միշտ առաջնորդող եղավ, որն ասում էր. «...վեր կաց և քայլիր...»

Եվ իմ 13 տարիները եղան նաև ինքնաճանաչողության, մարդաճանաչողության և աշխարհճանաչողության մի անվերջանալի ընթացք, որի ժամանակ հասկացա, թե ինչքան բան կա դեռ հասկանալու այս մեծ արարչության մեջ։

Սակայն մի բանում երիցս համոզվեցի, որ ինչ էլ որ լինի, երբեք չպետք է դավաճանել Եկեղեցիդ, Հայրենիքդ ու Ընտանիքդ։

Մնացած ամեն ինչ ենթակա է փոփոխման։

Ու այս ամենի մեջ միշտ կատարյալ մնաց Աստվածային սերը, որն օգնեց անձանձրույթ ծառայելու կոչումիս, և սեր, որն ապրեցնող է, մխիթարող է, բուժող է և երջանկատու։

Սերը, որ ի վերուստ սերմանված է այս աշխարհի մեջ և, հատկապես, մարդկանց սրտերում, որը ցավոք շատ ժամանակ փակ է մնում մեր հոգևոր կուրության պատճառով։

Այնուամենայնիվ, սա կյանք է կոչվում` յուրաքանչյուրիս տրված և յուրովի ապրվող, կյանք, ինչպես որ է։

Կյանք, որ ժամանակի սլաքը միանում է մեր ծնունդով և գնում է միայն առաջ։

Եվ մենք էլ գնում ենք ժամանակին ընդառաջ, քանզի այն միակ անկաշառելին է, որ ո՛չ սպասում է, ո՛չ կանգնում և ո՛չ էլ հետ է ընկնում, այլ` միայն առաջ, մինչև...

Ու մարդս այդ ժամանակի մեջ միշտ մի հաշվարկ է անում իր մտքում, թե այդ ընթացքում կորցրա՞ծն էր շատ, թե՞ գտածը, սակայն այդպես էլ չի գտնում պատասխանը։

Այդ ամենի պատասխանը կտա ժամանակն իր ժամանակին...

Եվ, ուրեմն, մնում է մեկ բան՝ նայել երկինք, փառք տալ Աստծուն ամեն ինչի համար, նայել մեր շուրջը` սեր և շնորհակալություն հայտնելու համար և նայել գետնին՝ մեր հողանյութ շինվածքը զգալու համար...»,- նշել է Հայր Սուրբը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր