Ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, Հայաստան է ժամանել Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն:
Մայր Տաճարի ղողանջների ներքո Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքին թափորով առաջնորդել է Միածնաէջ Մայր Տաճար, ուր կատարվել է «Հրաշափառի» արարողություն։
Տաճարում երկու Հովվապետերը խոնարհվել են Իջման Սուրբ Սեղանի առջև: Միասնական աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանուն Մայր Աթոռի միաբանության, ողջունել և իր բարեմաղթանքներն է հղել Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքին:
Իր հերթին Եփրեմ Բ Պատրիարքը գոհունակություն է հայտնել Աստծո կամքով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու առիթով և աղոթք վերառաքել Հայոց Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
Ապա Վեհարանում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքի առանձնազրույցը: