«Վարչաբենդ» երաժշտական խումբը, որում հանդես է գալիս նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ կունենա նաև ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը Հանրապետության հրապարակում կայանալիք համերգի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգից հետո։
Համերգից հետո հաղորդավարը հայտարարեց՝ իմանալով, որ ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լինելու է Գյումրիում, նրան հրավիրել էին միանալ «Խաղաղության ձայն» փառատոնին և «Վարչաբենդ» խմբի հետ ելույթ ունենալ Գյումրիի Վարդանանց հրապարակում։
«Մենք Ձեզ ևս մեկ խնդրանք ունենք։ Դուք կհամաձայնե՞ք միանալ մեզ ապրիլի 25-ին, Երևանում՝ Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին»,- հարցրեց հաղորդավարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց․ «Մեծ հաճույքով, դա մեծ պատիվ կլինի մեզ համար։ Շատ շնորհակալ ենք հրավերի համար և բոլորիդ կսպասենք»։
Քաղաքացու օրը՝ ապրիլի 25-ին, Ժամը 20։00-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը։ Այդ օրը բեմում կլինեն Իվետա Մուկուչյանը, Outlandish-ը, In-Grid-ը, Ուիլլի Ուիլյամը և Իմանին (Նադիա Մլաջաո)։ Մուտքն ազատ է։